Wednesday, October 10, 2012

Էրդողանին քննադատողներին աքսորում են Արդահան

News.am. 10-140-2012- Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արդահանի շրջանը թուրքական իշխանությունները օգտագործում են որպես աքսորավայր։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Facebook-ում վիրավորելու մեղադրանքով դատարանը Ադանայի հիվանդանոցներից մեկի ռենտգենոլոգ Օմեր Բինինջիին աքսորել է Հայաստանի հետ սահմանակից Արդահան նահանգ։ Դատարանը Օմեր Բինինջիի հանդեպ որոշում է կայացրել, որ նրա պաշտոնն այլեւս չպետք է բարձրացվի։ Բացի այդ, դատարանի որոշմով Օմեր Բինինջին աքսորվել է Արդահանի հիվանդանոցներից մեկում աշխատելու։ Թուրք ռեյնտգենոլոգը շեշտել է, թե Թուրքիայում աքսորը վերացվել է դեռեւս 1965-ին, բացի այդ իրեն մեկ հանցանքի համար 2 պատիժ են տվել, ինչն անընդունելի է։ Օմեր Բինինջին հայտնել է, թե դատարանի որոշումը կբողոքարկի մինչեւ Եվրադատարան։ Նշենք, որ ամիսներ առաջ Արդահան նահանգում արտագաղթի բարձր տեմպերի համար խորհրդարանում իշխանությունների դեմ բողոքի ակցիա էր արել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էնսար Օղութը՝ նշելով, թե Արդահանի Չըլդըրի շրջանում բժիշկ չկա, ուսուցիչ չկա, փակվել են բանտը, բնակչությունն արագ արտագաղթում է: Էնսար Օղութն ամբիոնի մոտ ընդվզել էր՝ հարց տալով իշխանություններին. «Արդահանի Չըլդըրը դատարկում եք, որ մեր հողերը Հայաստանի՞ն տաք»: Ելույթից հետո թուրք պատգամավորը փողկապը հանել եւ նետել է ամբիոնին, նաեւ կարգախոս է պարզել, որի վրա պահանջ է եղել՝ վերաբացել Հայաստանի հետ սահմանակից շրջանների դատարանները:

No comments: