Thursday, October 18, 2012

Հայաստանում ազատ մամուլը չի կայանում, և առկա է լրատվական «քիլլերություն». Արամ Կարապետյան

Tert.am. 17-10-2012-Հայաստանում առկա է լրատվական «քիլլերություն» և որպես այդպիսին՝ ազատ մամուլի շատ դժվար կայացում, ինչը բնորոշ է հետխորհրդային տարածքի երկրներից մեծ մասին: Հայաստանում երեկ նշված Հայ մամուլի օրվա կապակցությամբ, այսօր՝ մի շարք քաղաքական գործիչների կլոր սեղանին, նման տեսակետ հնչեցրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ «Հայաստանում այսօր խոսել անկախ մամուլից, հավասարազոր է ապրել վիրտուալ կյանքում, որովհետև էլեկտրոնային հեռուստամիջոցների հարյուր տոկոսը գտնվում է պետության ձեռքում: Կամ, այն մարդկանց ձեռքին, ովքեր կանգնած են կամ մինչև վերջերս կանգնած էին իշխանության կողքին: Ֆինանսների և մամուլի խնդիր է»,-ասաց Արամ Կարապետյանը և հավելեց, որ լրատվամիջոցների «սպոնսորները» լրատվամիջոցներն օգտագործում են երկուստեք քաղաքական պայքարի, իսկ ավելի ճիշտ՝ «լրատվական քիլլերության» նպատակներով: Մամուլի էջերում օբյեկտիվ քննարկում չի կայանում, քանի որ, ըստ Արամ Կարապետյանի, «սպոնսորների» 99 տոկոսը, դրա համար չէ, որ ֆինանսավորում է մամուլի միջոցները: Այնպես որ, նրա ամփոփմամբ, գրաքննությունից, քիչ, թե շատ, ազատ դաշտ է մնացել «Ֆեյսբուքը»: «Միավորված աշխատանքային կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մասամբ համամիտ է, մասամբ՝ ոչ, և խորհրդային անցյալի հետ բանախոսներից մեկի համեմատությունը, ( որ չնայած խոսքի ազատությանը, երբեմն չափից դուրս ազատ տրված գնահատականներում, դրանից ոչ մի բան չի փոխվում՝ ի տարբերություն խորհրդային ժամանակների, երբ լրագրողի մեկ հոդված կարող էր կադրային փոփոխություններ առաջացնել պետական համակարգում ) նրա կարծիքով՝ տեղին չէ: «Երբ ասում եք՝ հերիք էր մի հոդված հրապարակվեր, նախարար գործից կթռներ, դա բնավ չի խոսում այն մասին, որ ազատ մամուլ կար: Ոչ մի լրագրող դա չէր կարող անել ինքնուրույն: Այսինքն՝ սկզբից որոշվում էր, որ պետք է պաշտոնյան հեռացվեր աշխատանքից, հետո գրվում էր հոդվածը ու ոչ երանի, եթե վերադառնանք դրան»,- ասաց Վիգեն Խաչատրյանը: Նրա ամփոփմամբ՝ բնական է, որ եթե երկրում որոշ մեխանիզմներ գործում են աղավաղված, ապա մամուլն էլ, որպես այդ երկրի հայելի, պետք է արտացոլի նույնը: «Էսքան տարի է մարդիկ սովորում են ձևին: Մրցակցության հանձնաժողով, կարևոր է, կա, բայց ձևն այլասերված է, հակամենաշնորհային հանձնաժողով, կա, ձևը՝ այլասերված է, Ամալյանի էն հանձնաժողովը ազատ մամուլ, ձևը կա, այլասերված է»,- ասաց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, վերջին քսան տարում, լավ, թե վատ, մամուլը պետական մի շարք ինստիտուտների հետ համեմատության մեջ, առաջ է գնացել՝ «անկախ նրանից՝ ուզու՞մ են իշխանությունները, թե՝ ոչ»:

No comments: