Thursday, October 18, 2012

Բաքվում ԻԻՀ նախկին դեսպան. Թուրքերն Իրանի և Ադրբեջանի միջև խորը արմատներով ծառեր են տնկել

Panorama.am. 17-10-2012- Թուրքերն Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների միջև խորն արմատներով ծառեր են տնկել, որոնց նույնիսկ ուժեղ փոթորիկները չեն կարող սասանել: Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին: Իրանցի դիվանագետը, անդրառնալով ադրբեջանա-թուրքական հարաբերություններին, նշել է. «Թուրքիան Ադրբեջանում զգալի ներգրավվածություն ունի քաղաքական, տնտեսական, առևտրական, արդյունաբերական, մշակութային, ռազմական և անվտանգության ոլորտներում: Թուրքիան Ադրբեջանում 10, իսկ Ադրբեջանը Թուրքիայում 20 միլիարդ դոլարի ներդրում է կատարել: Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կազմում են 4 միլիարդ դոլար, իսկ Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը հազիվ կազմում է թուրք-ադրբեջանականի 10 տոկոսը»: Բաքվում Իրանի նախկին դեսպանը, համեմատելով իրանա-ադրբեջանական և թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, մասնավորապես նշել է. «Թուրքիան Ադրբեջանում հիմնադրել է մեկ համալսարան և մի քանի մասնագիտացված դպրոցներ, փոխարենը Իրանն Ադրբեջանում ունի մեկ դպրոց, որն էլ բազմաթիվ խնդիրների առջև է կանգնում: Թուրքական բազմաթիվ հեռուստաալիքներ, այդ թվում «TRT» ուղղակիորեն հեռարձակվում են Ադրբեջանում. և սա այն դեպքում, որ իրանական ոչ մի հեռուստաալիք չի հեռարձակվում: Միակ հեռուստաալիքը, որն Ադրբեջանի հարավային շրջաններում հեռարձակվում է, դա «Սահար»-ն է, որն էլ հաճակախի խոչընդոտների է հանդիպում»: «Այսպիսով Թուրքիան Ադրբեջանում առկա բոլոր ազատ տեղերը լրացրել է. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների միջև խորը արմատներով ծառեր է տնկել, որոնց նույնիսկ ուժեղ փոթորիկները չեն կարող սասանել»,-նշել է Բաքվում Իրանի նախկին դեսպանը:

No comments: