Wednesday, October 17, 2012

Հայրիկյանը Քոչարյանին կոչ է արել Նախիջևանի հարցը շրջանառության մեջ դնել, սակայն նա հակադարձել է, որ Հայաստանին ագրեսոր են կոչում

HayNews.am. 17-10-2012- «Արդեն երկու տասնամյակ է, ինչ Հայաստանը պատերազմական վիճակում է, որն անթույլատրելի է: Հայաստանի հանդեպ անընդմեջ սպառնալիքները շարունակվում են: Թուրքիան և Ադրբեջանը հասարակական կարծիքը նախապատրաստում են նրան, որ Ադրբեջանը պետք է մի օր ուժի միջոցով լուծի իր հարցերը, քանի որ Հայաստանը «զավթել» է իր հողերի մի մասը: Այս ամենը սկսվեց ՀՀ առաջին նախագահի վարած քաղաքականությունից, որի արդյունքը եղավ այն, որ մեր պետությունը հենց սկզբից սխալ քայլեր կատարեց արտաքին քաղաքականության ոլորտում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը: «Սպանեցին Մովսես Գեորգիսյանին, «Ղարաբաղ» կոմիտեի մարդիկ ոչ մի կապ չունեին Հայաստանի հետ: Երբ Հայաստանը միջազգային ճանաչում էր ստանում, և ՄԱԿ-ում պետք է արձանագրվեր իր սահմաններով (այն ժամանակ Արցախը Հայաստանի կազմում էր արդեն) և Հայաստանը պետք է դառնար ՄԱԿ-ի անդամ, Արցախին արտամղեց առաջին նախագահը: Աշխարհի կողմից այնպես ընկալվեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, որից հետո սկիզբ առավ այս հակամարտությունը, բայց զինադադարի պայմանագիրը ստորագրելով, Հայաստանը դարձավ արցախյան կոնֆլիկտի մասնակիցը, որից հետո կոնֆլիկտը տեղափոխվեց Հայաստան- Ադրբեջան հարթություն»,-ասաց նա: Պարույր Հայրիկյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահին էլ կոչ է արել, որպեսզի շրջանառության մեջ դնի Նախիջևանի հարցը, սակայն վերջինս ասել է, որ արդեն Հայաստանին ագրեսոր են կոչում. «Իրեն դա էր հուզում, ոչ թե Հայաստանի խնդիրը»: Բանախոսի խոսքով՝այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ ժառանգության կրողն է. «Նա փորձեց ֆուտբոլային դիվանագիտությամբ ինչ-ոչ բանի հասնել, բայց չստացվեց, քանի որ պարզ չէր՝ ինչ նախապայմաններից է հրաժարվում Հայաստանը Թուրքիայի հետ բանակցություններում»: Պարույր Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի կողմից Արցախի ինքնորոշումը ճանաչելը իմաստ չունի, քանի որ այն արդեն ուշացած քայլ է. «Պետք է մշտապես դաշնակիցներ փնտրել, չպետք է միայն մի դաշնակցի վրա հույսը դնել, այն դաշնակցի, որը զենք է վաճառում Ադրբեջանին: Ռուսաստանում երեկ դարձյալ հայ են սպանել: Երբ ասում ես, ինչու հարց չեք բարձրացնում, ասում են` մենակ հայերին չեն սպանում: Տարեկան Ռուսաստանից մեկ միլիոն մարդ է հեռանում»: Նա նշեց, որ մեր պետությունը պետք է հայտարարի, որ բանակցային գործընթացը զարգացում չի ապրում. «Մենք պետք է հայտարարենք, որ պատրաստ ենք հանդես գալ երաշխավոր, բայց երեք ամիս հետո չենք մասնակցելու բանակցություններին: Պետք է ստեղծվի հատուկ հանձնաժողով խնդիրը լուծելու համար»:

No comments: