Wednesday, October 17, 2012

Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

Panorama.am. 17-10-2012- Այսօր աղքատության դեմ պայքրի միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի որոշմամբ, 1993-ից: Դրանից մի քանի տարի առաջ, նույն օրը`1987-ի հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948-ի նույն օրը ստորագրվել է մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագիրը, ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել` հարգանքի տուրք մատուցելու ծայրահեղ աղքատության, բռնության և սովի զոհերի հիշատակին: Ակցիայի մասնակիցները նշել են, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է ու դրա վերացմանը կարելի է հասնել համատեղ ջանքերի շնորհիվ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010-ին Հայաստանում ծայրահեղ աղքատ է բնակչության 3 տոկոսը, 35.8 տոկոսը աղքատ են: 2008-ին ցուցանիշները եղել են համապատասխանաբար 1.6 տոկոս և 27.6 տոկոս: ԱՎԾ-ից բացատրում են, որ Հայաստանում աղքատության ընդհանուր մակարդակի 8.22 տոկոսային կետով բարձրանումը պայմանավորված է սպառման միջին մակարդակի անկումով, որը բերել է աղքատության մակարդակի 2.27 տոկոսային կետով անկմանը և անհավասարության խորացված ցուցանիշով, որը հանգեցրել է աղքատության մակարդակի 10.49 տոկոսային կետով աճի: Այսպիսով, չնայած սպառման անկումը և վերաբաշխման բաղադրիչներն ունեն հակառակ ներգործություն՝ դրանք համատեղ առաջացրել են աղքատության մակարդակի բարձրացում: Տարածաշրջանային կտրվածքով դիտարկելիս ակնհայտ է, որ գյուղական վայրերում աղքատության ընդհանուր մակարդակի 8.49 տոկոսային կետով ավելացումը պայմանավորված է սպառման միջին մակարդակի անկումով՝, որը բերել է աղքատության մակարդակի 1.18 տոկոսային կետով անկմանը և անհավասարության խորացված ցուցանիշով, որը հանգեցրել է աղքատության մակարդակի 9.67 տոկոսային կետով աճի: Հայաստանում աղքատության մակարդակն առավել բարձր է Շիրակում և Լոռիում` 48.3 տոկոս և 45.9 տոկոս: Ցուցանիշը, ըստ ԱՎԾ-ի, առավել ցածր է Երևանում, Սյունիքում և Տավուշում: «2010թ. տվյալները ցույց են տալիս, որ ճգնաժամը լուրջ հետևանքներ ունեցավ աղքատության վրա: 2010թ.-ին աղքատության մակարդակը շարունակել է աճել` կազմելով 35.8%, 2008թ.-ին արձանագրված 27.9%-ի դիմաց: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2010թ.-ին կազմել է 3.0% 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց»,-ասված է ԱՎԾ զեկույցում:

No comments: