Tuesday, October 9, 2012

Թուրքիայից պետք է պահանջի արդարություն. Հարութ Սասունյան

1in.am. 9-10-2012- ՀՀ արտաքին քաղաքականությունն անկախությունից ի վեր նվաճումներ և ձախողումներ չի
արձանագրել: Կառավարությունը վերջին քսան տարների ընթացքում փորձել է համալրել ՀՀ արտաքին քաղաքականության ինստիտուտը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության թույլ և ուժեղ կողմերի մասին: Հարութ Սասունյանը բողոք հայտնեց, որ Հայաստանը փոքր պետություն է, բայց նույնիսկ այս պարագայում չի օգտագործում իր կարողությունները: Բանախոսի կարծիքով՝ կարելի է խիզախ լինել, նույնիսկ երկուտոկոսանոց հնարավորության դեպքում պետք դրանից օգտվել, քանի որ լուրջ խնդիրներ կան տարածաշրջանում, քանի որ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, հզոր պետություններ կան տարածաշրջանում, որոնց Հայաստանը պարտավոր է հաշվի առնել: «Պետությունն անընդհատ խոսում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին: Ես կարծում եմ, որ Ցեղասպանությունը վերջին մի քանի տասնամյակներին արդեն լայն ճանաչում է գտել աշխարհում՝ հարյուրավոր մասնագետներ, պատմագետներ խոսել են այդ մասին, ՄԱԿ-ն ընդունել է այն և այլն: Կարծում եմ՝ հասել ենք նրան, որ աշխարհը ճանաչում է Ցեղասպանությունը, և այսօր մեզ վնաս է ճանաչում հետապնդելը, դա տանում է փակուղի, և ոչ մի առաջխաղացում չի լինում մեր պահանջների վերաբերյալ: Աշխարհը գիտի, որ Ցեղասպանություն է եղել, սակայն մենք չենք կարող թուրքերին ստիպել ճանաչել Ցեղասպանությունը»,- մեկնաբանեց Հարութ Սասունյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը պետք է պահանջի արդարություն: Նրա համոզմամբ՝ դա մի բառ է, որին որևէ մեկը չի կարող հակաճառել, նույնիսկ Էրդողանը չի կարող ասել, որ դրան դեմ է, աշխարհի առջև ծիծաղելի կդառնա այդ դեպքում, ուստի «արդարություն» պետք է պահանջել: Բանախոսը նշեց, որ, նկատի ունենալով պետական հարաբերությունները, ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային, բայց կարելի է ասել, որ արդարություն է պահանջում, դրա մեջ ամեն ինչ կա: Թեև Սասունյանի գնահատմամբ՝ «արդարություն»-ը հստակ տերմին չէ, ինչպես ճանաչումը, բայց սա ավելի ձեռնտու է հայկական կողմին, որովհետև որոշ պետական վտանգներ կան հողային պահանջ ներկայացնելիս, հարմար չէ նաև ասել, որ չկա պահանջ կամ կա: «Մենք դեռ պետք է ստանանք այն ամենը, ինչ կորցրել ենք Ցեղասպանության ընթացքում, կարող ենք պահանջել վերադարձնել մեր եկեղեցիները, պետք է պահանջենք մեր Հայաստանը, Սփյուռքը պետք է ներկայացնի այդ պահանջները, մեր կալվածքները, տները, հողային տարածքները, անհատներին պատկանող գույքը, գումարը պետք է պահանջենք և դատական կերպով հետապնդենք»,- եզրափակեց իր խոսքը Հարութ Սասունյանը:

No comments: