Wednesday, October 24, 2012

Ռուսաստանն ընդդեմ Հայաստանի շահերի

Արդի միջազգային հարաբերությունների տարածաշրջանային դրույթներից մեկն այն է, որ Ռուսաստանն ու Հայաստանը գործընկերներ են, նույնիսկ ռազմավարական գործընկերներ։ Դա ժամանակի ընթացքում դառնում է քննարկումների ու որոշ գնահատականների առարկա` կապված միջազգային քաղաքականության զարգացման հետ, ինչը կարևոր նշանակություն ունի մերձավորարևելյան, Սև ծով-կովկասյան ու Կենտրոնաասիական տարածաշրջաններում։ Եթե դատելու լինենք «գործընկերության» ու առավել ևս «ռազմավարական գործընկերության» մասին, ապա, նախ և առաջ, պետք է նշել, որ պատմական ներկա պահի նշանակալի առանձնահատկություններից մեկը միջպետական դաշնախմբերի ու միավորումների «պրոֆիցիտի» զուգահեռ մեծացումն է և այդ նույն միավորումների շրջանակներում համագործակցության սահմանափակությունը։ Անգամ քաղաքական և ռազմական համագործակցության դարավոր փորձ ունեցող պետությունները չեն ձգտում իրենց գործընկերների հետ կիսել պատասխանատվությունը տարբեր խնդիրների համար։ Նախ և առաջ նշվում է, որ աշխարհի առաջատար պետություն ԱՄՆ-ը մշտապես խնդիրներ է ունենում Եվրոպայի և այլ տարածաշրջանների տարբեր պետությունների հետ` գործընկերության հարցերի շուրջ։ ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը ներբլոկային հակասությունների մեծացումն է։ Համանման խնդիր է նկատվում նաև ՀԱՊԿ-ում, ինչպես նաև «փնջերում», օրինակ` արաբական պետությունների։ Եվրոպական և մերձավորարևելյան աշխարհներում նույնպիսի խնդիրներ են առաջացել միջպետական գործընկերության զարգացման գործում։ Միգուցե ամենևին էլ տարօրինակ չէ, որ գլոբալացման զարգացման որոշակի մակարդակն է հենց հանգեցրել որոշակի տարազատվածության։ Օրինակ, Թուրքիան, որն իր առաջնորդությունն է առաջարկել հարևան տարածաշրջանների շատ պետությունների, բախվեց ոչ միայն ԱՄՆ-ի ու նրա եվրոպական գործընկերների, այլև, փաստորեն, Մերձավոր Արևելքի ու Եվրասիայի բոլոր պետությունների դժգոհությանը, և դա խիստ հատկանշական է։ Տարօրինակն այն է, որ Թուրքիան, ինչպես Ռուսաստանը, ձգտում է ավելի սերտ ու համաձայնեցված հարաբերություններ հաստատել, բայց ժամանակ առ ժամանակ դրանք «փուլ են գալիս» միջազգային քաղաքականության «կտրուկ շրջադարձերում»։ Այդ բանը շատ լավ հասկանում և միանգամայն համարժեք գնահատում են ամերիկյան, եվրոպական, իրանական, ինչպես նաև արաբ քաղգործիչներն ու փորձագետները, որոնք ուշադիր հետևում են ռուս-թուրքական հարաբերություններին։ Ամերիկացիները խիստ կասկածում են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հասկանալով նրանց միջև եղած խոր հակասությունների նշանակությունը։ Ներկայում, երբ Թուրքիայի քաղաքականությունը դարձել է ՆԱՏՕ-ի ներսում առկա ճգնաժամային երևույթների կարևոր գործոններից, հնարավոր է և առավել լուրջ պատճառներից մեկը, և Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են բարդանում, եվրատլանտյան դաշնախումբը մոտեցել և քաղաքականության մեջ արդեն ցուցադրում է իր հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի` որպես Թուրքիայի տարածաշրջանային նվաճողականության հակակշռի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ի ձևավորումը իբրև դաշնախմբի, որը գլխավորում է Ռուսաստանը, հիմնականում տեղի է ունեցել հարևան խոշոր պետությունների կողմից անդամ պետությունների հանդեպ կոնկրետ սպառնալիքների առկայության պայմաններում։ Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների բացարձակ նվիրյալ։ Այդ բանը նշում են Արևելյան Եվրոպայի և Արևմտյան ընկերակցության, փաստորեն, բոլոր երկրների փորձագետները։ Դրա հետ մեկտեղ, քաղաքական գրականության մեջ արդեն բանավեճ է սկսվել հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների առաջացման առնչությամբ։ Չարժե գնահատականներ տալ այդ բանավեճի մասնակիցների քաղաքական դիրքորոշումներին ու սկզբունքայնությանը, բայց արդեն անհնար է խույս տալ այդ խնդրի քննարկումից։ Ընդ որում, սովորաբար վկայակոչվում են այդ խնդրի առավել սկանդալային և ցցուն կողմերը, այնինչ կան բավականին խոր պատճառներ ու գործոններ։ Հայ իրականության մեջ բավական կարծրացած դժգոհություններ կան Ռուսաստանից` կապված 1921 թ. Հարավային Կովկասում սահմանների անարդարացի անցկացման, հայ ժողովրդի «ղարաբաղյան շարժման» նկատմամբ Մոսկվայի ծայրաստիճան թշնամական վերաբերմունքի հետ, ներառյալ երկու լայնածավալ պատժիչ ռազմարշավները նախ խորհրդային բանակի կողմից` Գորբաչովի օրոք, ապա նաև ռուսական բանակի` Ելցինի օրոք` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի, որի պատճառով սպանվեց ավելի քան 1000 հայ։ Ադրբեջանի հետ «ղարաբաղյան պատերազմի» ընթացքում Հայաստանին Ռուսաստանի ցուցաբերած ռազմական աջակցությունը բացահայտորեն չափազանցվում է, մինչդեռ Ադրբեջանին Ռուսաստանի ռազմական օգնությունը շատ ծավալուն բնույթ է կրել։ Միաժամանակ, հարկ է նշել, «ղարաբաղյան պատերազմի» շրջանում Ռուսաստանը, ԱՄՆ-ի հետ, առանցքային դեր է խաղացել պատերազմական գործողություններին անմիջական միջամտությունից Թուրքիային հետ պահելու գործում։ Իսկ այդ միջամտությունը կործանարար կլիներ ոչ միայն Հայաստանի համար, այլև այն ամբողջ աշխարհաքաղաքական կառուցվածքի, որով շահագրգռված է Ռուսաստանը։ Հայաստանում եղած ռուսական ռազմաբազան, անտարակույս, Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնությունների զսպման նշանակալի գործոն է, ինչը ժամանակի ընթացքում սկսել է համապատասխանել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին, որոնք ևս Թուրքիայի տարածաշրջանային նվաճողամտության զսպման ռազմավարություն են հետապնդում, չնայած նրա հետ ունեցած դաշնակցային հարաբերություններին։ Տարիներ ի վեր Ռուսաստանը, ինչպես նաև ՈՒկրաինան, Բելառուսը և ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի այլ երկրներ Ադրբեջանի գլխավոր զինամատակարարներն են, իսկ Ռուսաստանին բաժին է ընկնում Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների մինչև 55 տոկոսը։ Միաժամանակ, Ռուսաստանը Հայաստանին սպառազինություններ է մատակարարում, ինչպես ընդունված է ասել, «արտոնյալ գներով»։ Մինչև վերջերս Հայաստանը նախընտրում էր «հաշտվել» Ադրբեջանին Ռուսաստանի զինամատակարարումների պրակտիկայի հետ, սակայն Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները ոչ միայն հայ հանրության, այլև քաղաքական խավի և հայ զինվորականների վրդովմունքի գագաթնակետը եղան։ Ռուս քաղգործիչների այդ ձեռնարկն անակնկալ չեղավ Հայաստանի վերլուծական ընկերակցության առանձին անդամների համար, որոնք նախազգուշացնում էին իրադարձությունների նման շրջադարձի մասին։ Հասկանալի է, որ Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասում վարել «զուգակշռության» քաղաքականություն, մինչդեռ Հայաստանը զուր հույսեր է փայփայել, որ Ռուսաստանի քաղաքականության մեջ ձևավորվեն «գերակայությունների» սկզբունքներ։ Ընդ որում, Ադրբեջանին տրամադրելով այնպիսի արդիական ռազմական տեխնիկա, ինչպիսին C-300-ն է, Ռուսաստանը բավական երկար ժամանակ «փորձարկում» էր այդ ձեռնարկը, ի հայտ բերելով դժգոհության պայթյունը Հայաստանում։ Մոսկվան փորձում էր դա ներկայացնել որպես քաղաքական նշանակության քայլ, չցանկանալով ցուցադրել չարչիական շահերը, բայց այդ հանգամանքը մանրամասնորեն վերլուծված է Հայաստանում` քաղաքական գրականության մեջ, ի տարբերություն Ռուսաստանի, ուր այդ թեման դիտավորյալ լռության է մատնվել։ Միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանն աշխատում է նաև իրենով անել Ադրբեջանը, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ զուր են այդ փորձերը, քանի որ Ադրբեջանն ավելի քան ամուր է «շաղկապված» Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերին։ Գործընկերության այն պաշտոնական հարաբերությունների պայմաններում, որոնցում գտնվում են Ռուսաստանն ու Հայաստանը, Մոսկվան այդպես էլ որևէ ձևաչափի խորհրդակցություն չառաջարկեց Թուրքիայի հետ իր հարաբերությունների առթիվ։ Օրինակ ԱՄՆ-ը, լինելով Թուրքիայի մերձավոր ռազմաքաղաքական դաշնակիցը, այսպես թե այնպես, ուշադրության է առնում Հունաստանի ու Հայաստանի շահերը` ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային սպառազինություն մատակարարելիս։ Այդ սահմանափակումներն ունիվերսալ բնույթի չեն, բայց, համենայն դեպս, ԱՄՆ-ի այդ դիրքորոշումն իրականություն է։ 2011 թ. Ռուսաստանի կողմից Հայաստանի դերի ու շահերի անտեսումը հասավ իր բարձրակետին. Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին մարտի 16-ի նոր խոշոր քաղաքական պայմանագիրը, որը ցուցադրաբար հարմարեցվել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թ. կնքված Մոսկվայի պայմանագրի 90-ամյակին, ինչը հայ ժողովուրդը համարում է Հայաստանի մասնատման պայմանագիր։ Սակայն Հայաստանի համար շատ ավելի տհաճ են Ռուսաստանի փորձերը` Լեռնային Ղարաբաղում դիրքորոշմամբ պայմանավորված հայ ժողովրդի շահերը «փոխանակելու» Ադրբեջանի բարեհաճության հետ։ 2008-2009 թթ. նախագահ Մեդվեդևը փորձեց Ռուսաստանի նախաձեռնությունները ղարաբաղյան թնջուկի կարգավորման առնչությամբ ներկայացնել իբրև ինչ-որ երկկողմ մոտեցում, ինչն սկզբունքորեն անհնար է ներկա իրավիճակում։ Ադրբեջանի հետ սիրախաղին զուգընթաց, հանուն որի էլ հենց արվել էին այդ նախաձեռնությունները, այդ թեմայի շրջանակներում Մոսկվան կարևոր նշանակություն էր տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին։ Փաստորեն, տեղի էր ունենում ամենաանընդունելին, այդ թվում` Ռուսաստանի ռազմավարական շահերի համար, այսինքն, պատկերավոր ասած, Ռուսաստանը Թուրքիային «ձեռքից բռնած» բերեց-մտցրեց ոչ միայն «ղարաբաղյան թեմա», այլև Հարավային Կովկասի քաղաքական ասպարեզ, ինչը թույլ չէր տրվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջ երկու տասնամյակ։ Բանը հասավ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազդեցության գործառական գոտիների բաժանման հարցի առարկայական քննարկմանը։ Օրինակ, Թուրքիան Ռուսաստանին առաջարկում էր «սառեցնել» Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցումը` Ղարաբաղի դաշնային մասի երկու շրջանն Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու դիմաց։ Որոշակի չափով Ռուսաստանին օգնության հասավ ԱՄՆ-ը, որն շտապեց հայտարարել, որ Հարավային Կովկասի խնդիրները լուծվում են որոշակի, ընդունված ձևաչափով, և ղարաբաղյան ու թուրք-հայկական հարցերը չեն կարող քննարկվել համատեղ։ Հարկ է նշել, որ բավական երկար ժամանակ Ռուսաստանը ՄԱԿ-ում Հայաստանի հանդեպ նույն դիրքորոշումն էր հանդես բերում, ինչ Թուրքիան։ Միայն վերջին տարիներին է այդ դիրքորոշումը փոխվել։ Այս ամենը չէր կարող վրիպել Հայաստանի և հայկական սփյուռքի ուշադրությունից։ Ժամանակի ընթացքում Հայաստանի քաղաքական խավի` Ռուսաստանի հանդեպ անգամ ամենաբարեհաճ մասին հասկանալի դարձավ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում զգալի հակասություններ կան շատ հարցերում։ Ռուսաստանն ամենևին էլ շահագրգռված չէ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմամբ, չի ցանկանում, որ նա հաջողություն ունենա արտաքին քաղաքականության ասպարեզում։ Ռուսաստանն առաջիններից մեկն ընդունած լինելով 1915 թ. Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստը, ամենևին շահագրգռված չէ, որ այն ընդունվի ԱՄՆ-ի Կոնգրեսում և այլ պետություններում։ Խիստ կասկածելի է, նենգության աստիճանի, Ռուսաստանի վերաբերմունքը Վրաստանի Ջավախքի (Սամցխե-Ջավախեթի) շրջանի հայ բնակչության նկատմամբ։ Միանգամայն հասկանալի է, որ Ռուսաստանը չի կարող անտեսել Թուրքիայի դերի աճը և Ադրբեջանի վճարունակության բարձրացումը, և պետք է ջանա կառուցել համապատասխան քաղաքականություն։ Ռուսաստանն ամրապնդում է իր զինված ուժերը, նախ և առաջ հարավային ռազմավարական ուղղությունում։ Պարզվում է, որ այդ ուղղությամբ ուժերի հաշվեկշիռը խնդրի լուծում չէ։ Ռուսաստանին պետք են բացահայտ առավելություններ, բայց ընդունա՞կ է նա պահպանելու այդ առավելությունները։ Ներկա պարագայում հույսը միայն Ռուսաստանի հետ կապելը Հայաստանի համար դառնում է կասկածելի։ Եթե հիմա Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը դեռևս ինչ-որ չափով սահմանափակված է արտաքին քաղաքականության որոշ կարծրատիպերով, այդ թվում` Թուրքիայի հետ հարաբերություններում, Մոսկվայում ուժեղացող նոր վերնախավը միանգամայն անտարբեր է «աշխարհաքաղաքական շահեր» հասկացության հանդեպ։ Ռուսաստանն արտաքին և ներքին քաղաքականության մեջ ավելի ու ավելի հստակորեն է առաջնորդվում ֆինանսական շարժառիթներով, երկիրը կառավարում են կորպորացիաները. նավթի, գազի, էներգետիկ, ձկան, պարենամթերքի, ալմաստի ու ոսկու արդյունահանման, ալյումինի ու մետալուրգիայի, ինչպես նաև տեղեկատվական ու տեղեկատվահետախուզական, որոնք ավելի ու ավելի կարևոր նշանակություն են ստանում։ Այս իրավիճակում պատրանքներ են առաջանում, թե Ռուսաստանի աշխարհաքաղաքականությունն ավելի ու ավելի առարկայական է դառնում, ավելի բովանդակալի ու հետևողական։ Բայց իրականում Ռուսաստանի ներկա աշխարհաքաղաքականությունը չափազանց «տնտեսականացված» է, սահմանափակ ու նկատելիորեն վնասաբեր, ըստ էության, սպասարկում է ընտրյալ խմբերի տնտեսական շահերը և ոչ թե ավելի հիմնավոր, ազգային շահեր։ Եթե, օրինակ, այնպիսի «առևտրական» պետություն, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, հնարավորություն ունի իր աշխարհաքաղաքականությունը վարելու «ալիքաձև» ձևաչափով, պատասխանատվությունը կիսելով ավելի ուժեղ գործընկերոջ` ԱՄՆ-ի հետ, ապա Ռուսաստանն այդ բանն իրեն թույլ տալ չի կարող, քանի որ արտաքին քաղաքականության մեջ զիջումներն ու ընդմիջումները սկզբունքային վնասներով են հղի։ Կասկած չկա, որ Սև ծով-կովկասյան տարածաշրջանում, հայտնի չափով, աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է։ Չնայած որոշ գնահատականներին այն առնչությամբ, թե ԱՄՆ-ը թուլացրել է ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ, իրականում տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության նոր ձևաչափ է առաջացել։ Որոշ «ստեղծագործական» գիտափորձերի շրջանից հետո ամերիկացիները Հարավային Կովկասի երկրների աշխարհաքաղաքական գործառույթների բաժանում կատարեցին. Վրաստանին վերապահվել են տարանցման-սպասարկման գործառույթները, Ադրբեջանը կդառնա ռազմաբազավորման հրապարակ, թեև սահմանափակ չափով, Հայաստանին Թուրքիայի ռազմավարական զսպման և Հարավային Կովկասում ուժերի հաշվեկշռի ապահովման դեր է հատկացվում։ Երևի վերահսկվող ճգնաժամերի որոշ գործառույթներ էլ վերապահված են նոր (ոչ լրիվ ճանաչված) պետություններին։ ԱՄՆ-ը որոշակի աշխարհաքաղաքական պատնեշ է ձևավորել Թուրքիայի շուրջ` մասնակցությամբ շատ պետությունների, ինչը ենթադրում է ամերիկացիների և ՆԱՏՕ-ի վաղեմի դաշնակցի շրջափակում և անգամ որոշակի մեկուսացում։ Սիրիայի և Իրաքի իրադարձությունները համոզիչ ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի այդ ռազմավարությունը լիովին ընթացքի մեջ է։ Թուրքիայի դիրքորոշումն ու ՆԱՏՕ-ին ուղղված պահանջները դարձել են դաշնախմբում առկա ճգնաժամի գլխավոր գործոնը, իսկ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում կարևորագույն խնդիր է դարձել Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը։ Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ-ի փորձերը ոչ այլ ինչ են, եթե ոչ Թուրքիայի քաղաքականությունը «կանոնակարգելու» և նրա նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու միջոց Հայաստանն ունի ոչ միայն Հարավային Կովկասի ուղղությամբ Թուրքիայի նվաճողամտության զսպման, այլև, նկատի առնելով «հայկական հարցի» ամբողջ համալիրը, նախ և առաջ ենթադրվում է Թուրքիայի զսպումը եվրոպական ուղղությամբ, այսինքն, նրա «եվրոպական նախագծի» առթիվ։ Դրանում շահագրգռված են նաև Ֆրանսիան, Գերմանիան և, փոքր-ինչ քողարկված, Մեծ Բրիտանիան։ Եթե դեռ 5-6 տարի առաջ Հայաստանին Արևմտյան ընկերակցությունում նայում էին, նախ և առաջ, ռուսական ռազմավարության պրիզմայի միջով, ինչպես նաև մի տեսակ «ռեզերվ» էին համարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ, ապա հիմա նրան բավական կարևոր գործառույթներ են վերապահվում, ինչն արտացոլվել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացման գործում։ Շարունակելի Իգոր Մուրադյան

No comments: