Monday, October 29, 2012

Սիրիայի քրդերն առաջին անգամ հանդես են եկել ի պաշտպանություն Ասադի. «Կոմերսանտ»

1in.am. 29-10-2012- Սիրիական հակամարտությունն անսպասելի ընթացք է ստացել: Մինչև վերջերս
չեզոքություն պահպանող քուրդ զինված կազմավորումները Հալեպ քաղաքում մարտի են բռնվել ընդդիմադիրների հետ: Եթե Բաշար Ասադը կարողանա օգտվել սրանից, առավելություն կստանա, գրում է «Կոմերսանտ»-ը: Քրդերը Սիրիայի բնկաչության ավելի քան 10%-ն են. եթե նրանք աջակցեն կառավարական ուժերին ոչ միայն Հալեպում, այլև ուրիշ ճակատներում, դա ընդդիմության համար լուրջ խնդիրներ կառաջացնի: Քրդերը և Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) ջոկատները Հալեպում բախվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիրները փորձել են վերահսկողություն սահմանել քաղաքի հյուսիսային Աշրաֆիա թաղամասի վրա: Այն համարվում է ռազմավարական առումով կարևոր, քանի որ բարձր դիրք ունի, որտեղից լավ երևում են հարևան թաղամասերը: Մինչ այժմ Աշրաֆիա թաղամասը չեզոք էր: Արյունալի մարտերի հետևանքով ամենաքիչը 30 մարդ է սպանվել, մոտ 200 հոգի (հիմնականում քրդեր) գերի է վերցվել: Ընդդիմության դեմ մարտական գործողույթյուններին մասնակցել են հիմնականում «ժողովրդավարական միություն» կուսակցության ջոկատները. նրանք սերտորեն կապված են Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ, որը զինված պայքար է մղում հարևան Թուրքիայի իշխանությունների դեմ: Տարածաշրջանի բոլոր երկրներից ամենաակտիվն ընդդիմությանն աջակցում է Թուրքիան: Սակայն Անկարան Բաշար Ասադի վարչակարգին մեղադրում է նաև Թուրքական Քրդստանում «ՔԱԿ-ի ահաբեկիչներին» աջակցելու համար: Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիպ Էրդողանը մտավախություն ունի, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրի քրդական թաղամասերը փաստացի ինքնավարություն ձեռք կբերեն: Եվ ՔԱԿ-ի զինյալները կսկսեն Սիրիայի տարածքն օգտագործել որպես Անկարայի հետ պայքարի զինադաշտ (պլացդարմ): Փորձագետների կարծիքով` քրդերի կողմից լոյալության փոխարեն Բաշար Ասադը կհամաձայներ նրանց ինքնավարության հնարավորություն ընձեռել:

No comments: