Wednesday, October 10, 2012

ՌԴ դեսպանն իրեն իրավունք է վերապահում քննադատել մեր երկրում տիրող իրավիճակը. մամուլ

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն արդեն իրեն իրավունք է վերապահում քննադատել մեր երկրում տիրող իրավիճակը: Նա երեկ ասուլիսում ասել է, որ արտագաղթի պատճառներն այլ տեղում փնտրենք` «Հայրենակիցներ» ծրագիրը մեղք չունի: Այսինքն` մեղքը ձերն է, մեր վրա մի գցեք: Իսկ խոսքն այն ծրագրի մասին է, որը Հայաստանի խոշոր քաղաքներում գրասենյակներ է բացել և ուղղակի մարդաորսով է զբաղված: Ընդ որում` որակյալ մասնագետների որսով, որոնց գայթակղիչ պայմաններ են առաջարկում Ռուսաստան տեղափոխվելու դիմաց, էլ կեցության համար անհրաժեշտ պայմաններ ու տուն, էլ սկզբի համար նպաստ, էլ արագությամբ քաղաքացիության տրամադրում, էլ բարձր վարձատրվող աշխատանք: Եվ պատահական չէ, որ մերոնք հերթ են կանգնում այդ գրասենյակների առաջ, որ ինչքան հնարվոր է, արագ մեկնեն ուրիշի երկիրը շենացնելու»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում. «Ոչ մի ուրիշ երկրի իշխանություն չէր հանդուրժի, որ օտար երկրի գործակալները գան, իր հողում գրասենյակներ բացեն, իր իսկ քաղաքացիներին գայթակղեն, տանեն դեպի անհայտություն, հետն էլ հայտարարեն, թե` լավ ենք անում: Ոչ մի երկրում դեսպաններն այդքան «համարձակ» չեն, որ միջամտեն տվյալ երկրի ներքին կյանքին` գնահատականներ տան, քննադատեն, հանդիմանեն: Դա պարզապես միջազգային սկանդալի առիթ կարող է հանդիսանալ: Սակայն քանի որ ռուսները մեզ դիտում են որպես իրենց վասալներ, իսկ երկիրը՝ ֆորպոստ, ուստի բնական է, որ հենց այդպես էլ պետք է իրենց պահեն: Եվ միայն սա չէ: Բազմաթիվ անձինք են փորձել եվրոպական երկրներ և ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալ այդ երկրների դեսպանատներում, և բոլորը միաբերան պնդում են, որ նման նվաստացուցիչ վերաբերմունքի իրենց կյանքում հազվադեպ են հանդիպել: Սա ևս խոսում է մեր երկրի ու իշխանությունների թուլության մասին»:

No comments: