Saturday, October 13, 2012

Թուրքիայում կառուցվում է Դերսիմի կոտորածների հուշակոթող-դամբարան

Panorama.am. 13-10-2012- «CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Մազգրիտ շրջանում կառուցվում է դամբարան` նվիրված Դերսիմի ջարդերի ժամանակ սպանվածների հիշատակին: Դամբարանի կառուցումն իրականացվում է հանրության պահանջով: Ֆինանսական հովանավորությունը կատարվում է մասնավոր միջոցներով: Դամբարանի բացումը նախատեսված է կատարել սույն թվականի նոյեմբերի 17-ին: Հրավիրյալների մեջ լինելու է նաև եվրախորհրդարանի պատվիրակությունը: Նախագծի համաձայն` դամբարանը բաղկացած է լինելու 38 շիրմաբեկորներից և հավերժական կրակից, որոնք խորհրդանշելու են 1937-38-ի Դերսիմի արյունահեղ սպանդը: Այդ տարիներին թուրքական զորքերը բռնկված ապստամբությունը ճնշելու համար կոտորեցին տասնյակ հազարավոր դերսիմցիների, ավերեցին հազարավոր գյուղեր: 2011-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետության անունից ներողություն է խնդրել Դերսիմի կոտորածների համար: Նշենք, որ Դերսիմը գտնվում է Վանա լճից դեպի հյուսիս-արևմուտք ընկած գոտում: Դերսիմը կիսանկախ է եղել Օսմանյան կայսրության գոյության ամբողջ ընթացքում: Դերսիմցիները խոսում են զազաերեն: Թեև քրդերը պնդում են, որ դերսիմցիները քրդական էթնոսից են, բայց Դերսիմի բնակչությունը մերժում է այդ տեսակետը: Պատմաբան Նիկողայոս Ադոնցի համոզմամբ՝ դերսիմցիները հայոց պավլիկյան աղանդավորական շարժման հետևորդներն են:

No comments: