Saturday, October 13, 2012

«Թուրքիայի շնորհիվ պաշտպանվեցին մեր շահերը»

HayNews.am. 12-10-2012- «Ցեղասպանության ճանաչո՞ւմ, թե արդարության հետապնդում» թեմայով բացառիկ դասախոսությամբ Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդես եկավ ճանաչված հասարակական գործիչ, հրապարակախոս, բարերար, Լոս Անջելեսի ՙԿալիֆորնիա կուրիեր՚ շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Դասախոսության ընթացքում նա խոսեց հայոց ցեղասպանության, դրա ճանաչմանը, կորցրած տարածքների և վնասների հատուցման մասին: Բանախոսն անդրադարձավ նաև ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերի ճակատագրին, նշելով, որ ցեղասպանություն վերապրողների հետագա սերունդների` իրենց հայրենիք վերադառնալու երազանքն այդպես էլ չիրականացավ և նրանք մշտապես մնացին աքսորի ճանապարհին: «Հայոց ցեղասպանության ճանաչումը և նույնիսկ անտեսումը չպետք է դյուրացնի կամ խափանի դրա քննարկումը միջազգային դատարանների կողմից: Մենք մեր պատմական իրավունքները պետք է հետապնդենք իրավական ուղիներով` եվրոպական, միջազգային դատարանների միջոցով»- ընդգծեց նա: Դասախոսության ավարտից հետո ուսանողներն ու դասախոսները Հարութ Սասունյանին ուղղեցին մի շարք հարցեր: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նա նկատեց. «Իմ կարծիքով, դրանք վնասակար են հայ ժողովրդի շահերին և մեր պահանջատիրությանը: Ամեն ինչ արել եմ, որ այդ արձանագրությունները չվավերացվեն, և այսօր կարող եմ ասել` բախտավոր ենք, որ Թուրքիան չվավերացրեց այն և վերջինի շնորհիվ պաշտպանվեցին մեր շահերը»: Իսկ հարցին, թե արդյո՞ք հակադրվելով այդ արձանագրություններին` չենք վտանգում ՀՀ ազգային անվտանգությունը` բանախոսը նշեց. «Հակառակը, դեմ լինելով այդ արձանագրություններին մենք պաշտպանում ենք Հայաստանի անվտանգությունը: Համաձայն եմ, որ Թուրքիայի հետ ստեղծվեն որոշ հարաբերություններ, սակայն դեմ եմ տվյալ արձանագրություններում առկա ձեւակերպումներին: Կարծում եմ, որ մեզ օգտակար արձանագրությամբ պետք է Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, որի արդյունքում էլ կբացվեն սահմանները»: Ցեղասպանության ճանաչման խնդրում արդյո՞ք Հայաստանը և Սփյուռքը արդյունավետ են աշխատում՝ հարցին ի պատասխան Սասունյանն ասաց. «Դեռևս բացթողումներ կան, և անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն, որի արդյունքում նոր կարելի է սկսել որևէ դատական գործընթաց»: Ի դեպ, Հարություն Սասունյանը առաջարկում է ստեղծել 350 պատգամավորից բաղկացած սփյուռքի խորհրդարան և կոորդինացնել սփյուռքի գործունեությունը: Լինելով սիրիահայ` Հարութ Սասունյանը գնահատեց նաև ներկա իրավիճակը թուրք-սիրիական հարաբերություններում: Նա իրատեսական չի համարում Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա, և այն դիտարկում է որպես «վախեցնող քայլ» Ըստ բանախոսի, Թուրքիան չի ծրագրում պատերազմել, քանի որ գիտակցում է հետևանքների լրջությունը. «Թուրքիան ուզում է առանց պատերազմի` վախեցնելով և ճնշելով, հասնել իր նպատակին»:

No comments: