Thursday, October 18, 2012

«Եվրասիանեթ». Հայաստանը տեսականորեն կարող է Ադրբեջանի ռազմական օբյեկտների մեծ մասին հարվածներ հասցնել

Panorama.am. 18-10-2012- «Եվրասիանեթ» կազմակեպության պաշտոնական կայքն անդրադարձել է ՊՆ գեներալ-մայոր Արտակ Դավթյանի մամուլի ասուլիսին, որի ժամանակ վերջինս հայտարարել է, որ Հայաստանը, պատերազմի դեպքում, ի վիճակի է կետային հարվածներ հասցնել ադրբեջանական նավթային օբյեկտներին: Պարբերականը նշում է, որ Դավթյանը երևի նկատի ունի անցյալ տարի Հայաստանի կողմից ցուցադրված նոր հրթիռներ` «Scuds» և «Tochka U»-ն, որոնք կարող են 300 կմ և ավելի հեռահարության վրա հարվածներ հասցնել: Դրանցով տեսականորեն հնարավոր է հարվածել Ադրբեջանի ռազմական օբյեկտների մեծ մասին: «Այսպիսով, նրանք հնարավորություն ունեն խոցել Ադրբեջանի նավթային ենթակառույցները»,- նշված է հոդվածում: Այնուհետև պարբերականը մեջբերել է ԱՄՆ-ում գործող ռազմական վերլուծության կենտրոնի (IMINT) հոդվածը, որը հրապարակել է տարածաշրջանում ռուսական և հայկական հակաօդային պաշտպանության համակարգի արբանյակային լուսանկարները ու հոդված տպագրել: Ըստ 2011թ. արված լուսանկարների` Հայաստանի ՀՕՊ համակարգի պաշտպանության տակ է առնվում է նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածաշրջանը: Այդտեղ տեղակայված C-300 համակարգերը կարող են պաշտպանել նաև Ստեփանակերտի օդանավակայանը: Բացի այդ, C-300-ի նման կայանի տեղակայման դեպքում փակվում է գոյություն ունեցող «օդային անցքը»` Հայաստանին հնարավորություն ստեղծելով արգելափակել Նախիջևանի և Ադրբեջանի միջև օդային հաղորդակցությունը: Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ հայկական C-300-ի տեղակայումը խոսում է տարածաշրջանում հնարավոր հակամարտության տարբեր սցենարներին պատրաստվելու մասին:

No comments: