Thursday, October 18, 2012

Der Standard. Հայաստանի նախկին արտգործնախարարը՝ իշխանությունների ճնշման ներքո

Tert.am. 18-10-2012- Ավստրիական DER STANDARD թերթը հոդված է հրապարակել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև: Հայաստանի իշխանությունները նախկին արտգործնախարարի նկատմամբ վճիռ են կայացրել. Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Չորս տարի շարունակ Վարդան Օսկանյանն իշխանություններից ազատ էր լողում։ Այժմ, երբ նա արդեն մյուս ափ է հասել, նրան դատական գործընթաց է սպառնում, ու հնարավոր է՝ քսան տարվա ազատազրկում։ Հայաստանի երկար տարիների արտգործնախարարը մեղադրվում է փողերի լվացման և յուրացման մեջ։ «Լրիվ աբսուրդ է»,- ասում է Օսկանյանը։ Ոչ այնքան. 2008-ին պաշտոնին հրաժեշտ տված քաղաքական գործիչը քաղաքականություն վերադառնալու ու նախագահական առաջիկա ընտրություններում որպես հնարավոր թեկնածու հանդես գալու հետ խնդիրներ է ունենալու։ Նրա «Սիվիլիթաս» հիմնադրամը վաղուց է նյարդայնացնում իշխանություններին։ Հիմնադրամին սպառնում է բանկային հաշիվների սառեցում։ Ընդ որում, Օսկանյանի համար դեռ գարնանը, խորհրդարանական ընտրություններից հետո, ամեն ինչ այլ կերպ էր դասավորվում։ 57-ամյա նախկին դիվանագետը խորհրդարան մտավ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ երկրորդ գործիչ. մինչ այդ կուսակցությունը իշխանության մաս էր, իսկ ընտրություններին արդեն կրկնապատկել էր մանդատների թիվը։ Սակայն, երբ Օսկանյանը որոշեց դեմ հանդես գալ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականների հետ նոր կոալիցիային, սկսվեցին բարդությունները։ Սարգսյանը տեսավ, թե ինչպես է նոր մրցակից ի հայտ գալիս։ Սիվիլիթաս հիմնադրամի գրասենյակ սկզբում հայտնվեցին հարկային տեսուչները, շաբաթներ շարունակ պրպտելով փաստաթղթերի յուրաքանչյուր կտորը։ Այնուհետև հաջորդեց փողերի լվացման ու յուրացման մեղադրանքը։ Հոկտեմբերի սկզբին իշխանական մեծամասնությունը խորհրդարանում կողմ քվեարկեց Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրին։ «Սա քաղաքական մենաշնորհի դասական օրինակ է,- DER STANDARD-ի հետ զրույցում նշում է Օսկանյանը:- Նրանք իրար մեջ ասել են՝ եկեք այս մարդու դեմ ինչ-որ բան գտնենք։ Նրա քննադատությունը հաջողություն ունի»։ Վրդովվեցրել են ընտրությունների մասին հրապարակումները Տասը տարի՝ 1998-2008 թթ., Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Օսկանյանը արտգործնախարար էր։ Երբ ավարտվեց Քոչարյանի նախագահության ժամկետը, փոխարինվեց նաև Օսկանյանը։ Դիվանագետը, որը մեծացել է Հալեպում և ուսանել ԱՄՆ-ում, Հայաստանում հիմնադրամ ստեղծեց՝ աջակցելու ժողովրդավարության կայացմանը։ Սիվիլիթաս հիմնադրամը տեղակայվել է Երևանի կենտրոնական մասում՝ թանկարժեք ու նոր բիզնես կենտրոնում։ Օսկանյանի գրասենյակի տակ, մեկ հարկ ներքև, լրատվական կենտրոն է։ Երկու տասնյակից ավելի երիտասարդ աշխատակիցներ այստեղ պատրաստում են հրապարակային բանավեճեր, զեկույցներ, աշխատում զարգացման ծրագրերի վրա, թողարկում ինտերնետային հեռուստատեսություն ու փոքրածավալ օրաթերթ, որը կարելի է տեսնել Երևանի սրճարաններում։ Հայաստանի իշխանություններին հատկապես զայրացրել են ընտրությունների մանիպուլյացիայի մասին հաղորդումները։ Օսկանյանն իր միջազգային կապերի շնորհիվ Սիվիլիթասի համար մի շարք դոնորներ է գտել՝ եվրոպական կառավարությունները, ԵԱՀԿ-ն ու հովանավոր ԱՄՆ-ից՝ Ջոն Հանթսմանը։ Գործարարը 1,4 մլն դոլար է փոխանցել երևանյան հիմնադրամին։ Հայկական արդարադատությունն այժմ փորձում է սրա վրա կառուցել մեղադրանքը։ «Հազիվ թե ընկալելի է,- ասում է Հաագայի միջազգային դատարանի փաստաբաններից մեկը, որը Երևանում այս օրերին թրեյնինգներ է անցկացնում ու ժամանակ առ ժամանակ այցելում Սիվիլիթասի գրասենյակ:- Փողերի լվացման մեղադրանքի համար պետք է սկզբում անօրինական ճանապարհով ձեռք բերված փողեր լինեն։ Սակայն նվիրատվության դեպքում այս մասին խոսք լինել չի կարող»։ Նախկին արտգործնախարարի ետևում Հայաստանի իշխանությունները, սակայն, Քոչարյանին են տեսնում։ Նա կամ Օսկանյանը կարող են հաջորդ տարվա փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում մարտահրավեր նետել գործող նախագահ Սարգսյանին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի անվանական առաջնորդը նախկին բազկամարտիկ ու միլիոնատեր Գագիկ Ծառուկյանն է, ամեն դեպքում ընկալվում է որպես պետության նախկին ղեկավարի գործիք։ Օսկանյանն ամփոփում է կառավարությունում իր նախկին գործընկեր Սարգսյանի իշխանության տարիների մռայլ արդյունքները։ «Մենք նախանձում ենք վրացիներին»,- ասում է նա՝ նկատի ունենալով վերջին ընտրությունները հարևան երկրում, որում առաջին անգամ ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն եղավ։ Ըստ նրա՝ Հայաստանն այսօր կիսաավտորիտար երկրից ավտորիտարի վերածվելու սահմանագծին է։ «Մեզ մոտ իշխանություններին հակակշիռներ ու զսպող մեխանիզմներ չկան»,- ասում է Օսկանյանը։ Նույնը, թերևս, կարելի է ասել նաև Քոչարյանի նախագահության տասը տարիների մասին։ «Այդպես է,- ընդունում է Օսկանյանը,- սակայն շատ ավելի վատ է դարձել։ Մենք պարտավոր ենք այժմ կարմիր գիծ քաշել»։

No comments: