Tuesday, October 23, 2012

Լրագրողների պաշտպանության կոմիտե. Թուրքիան ռեկորդ է սահմանում` ազատազրկված լրագրողների թվով

Panorama.am. 22-10-2012- Թուրքիան համաշխարհային ռեկորդ է սահմանում՝ ազատազրկված լրագրողների
թվով: Այս մասին հրապարակված զեկույցում հաստատել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ)` դատապարտելով «վերջին ժամանակներս մամուլի ազատության դեմ իրագործած ամենամեծ օպերացիաներից մեկը» : Կոմիտեն արձանագրել է, որ մինչ օգոստոսի 1-ը Թուրքիայում բանտարկվել է 76 լրագրող, որոնցից առնվազն 61-ը ձերբակալվել են ուղղակիորեն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու կամ տեղեկատվություն հավաքելու համար: Ինչ վերաբերում է մյուս 15 լրագրողներին, ապա իրավիճակն այդքան ակնհայտ չէ և լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Այսպիսով, Թուրքիան՝ ազատազրկված լրագրողների մեծ թվով գերազանցում է Իրանին, Չինաստանին: Կոմիտեն կարծում է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարությունը նորագույն պատմության մեջ մամուլի ազատության դեմ իրականացրել է ամենամեծ հալածանքը: Համաձայն զեկույցի, լրագրողների շուրջ 70%-ը հետապնդվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ ենթադրվող կապերի համար՝ «ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունենալու» մեղադրանքով: «Թուրքական կառավարությունը պետք է ազատ արձակի ձերբակալված լրագրողներին, որոնք ազատազրկվել են մասնագիտական գործունեության համար», - կոչ է անում Լրագրողների պաշտպանության կոմիտեն և պահանջում խորքային բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: Կոմիտեն նաև կոչ է անում Էրդողանին դադարեցնել «քննադատող լրագրողների» հանդեպ պարբերաբար ապատեղեկատվության մեղադրանքներ հնչեցնելը, նրանց հանրորեն ստորացնելը և քննադատող ԶԼՄ-ների հանդպ ճնշումներ կիրառելը:

No comments: