Tuesday, October 9, 2012

Փորձագետ. Անկարային ոչինչ չի մնացել, քան մխրճվել սիրիական պատերազմի մեջ,

Panorama.am. 8-10-2012- Սիրիայի հարցում Թուրքիայի իշխանությունները բախվել են ոչ միայն արտաքին դժվարությունների հետ, այլ նաև` ներքին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսիյանը: Ըստ բանախոսի` պաշտոնական Անկարան Սիրիայի հարցում մտադիր էր իր համար շահեկան սցենար առաջ բերել,սակայն սպասվածին հակառակ` դեպքերն այնպես չզարգացան, ինչպես Եգիպտոսում կամ Լիբիայում: «Թուրքիայի իշխանությունները չէին սպասում, որ Ասադի վարչակարգը կկարողանա այսքան դիմակայել, երկրորդը` որ դաշնակիցներն ուղղակի աջակցություն իրենց չեն ցուցաբերի և երրորդը` չէին սպասում, որ Սիրիայի գործերին միջամտությունը հակազդեցություն կստեղծի հենց երկրի ներսում», - ասաց թուրքագետը` նշելով, որ Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության բացառելու մասին թուրք պաշտոնյանների հայտարարությունները նոր թափ հաղորդեցին նաև Թուրքիայում բնակվող քրդերի ընդվզումներին: Բացի դա, ըստ փորձագետի, թուրք հասարակության տարբեր շրջանակներում մտահոգված են, որ Սիրիայի նկատմամբ արտասահմանային ռազմական գործողություններ իրականացնելու մասին մի քանի օր առաջ խորհրդարանի կողմից կայացած որոշման արդյունքում պատերազմը կարող է տեղափոխվել նաև Թուրքիայի բուն տարածք: Թուրքագետը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերոհիշյալ օրենդրական նախաձեռնության դեմ հանդես եկան թուրքական ընդդիմությունը և քուրդ պատգամավորները, իսկ սատարեցին միմիայն ազգայնականները: Նրա խոսքով` հատկանշական է, որ Էրդողանի մերձավոր թիմը միանգամից հիշատակեց ընդդիմության որոշ առաջնորդների ազգային-կրոնական ծագումնաբանությունը`պնդելով, թե նրանք դեմ են Սիրիայի նկատմամբ ավելի կոշտ գործողությունների, քանի որ ալևի են: Ընդ այդմ, Ա.Հովհաննիսյանի կարծիքով` Սիրիայի հետ սահմանակից թուրքական Աքչաքալե բնակավայրի վրա ընկած հրթիռը թուրքական պրովոկացիա էր։ «Այսինքն՝ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի առիթ ստեղծի, որ իր բանակի մասնակցությամբ ներքաշվի սիրիական ճգնաժամի մեջ»,– ասաց թուրքագետը: Ընդհանուր առմամբ` ըստ թուրքագետի, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ ջանքեր է գործադրում ներկայացնել Սիրիայի հիմնախնդիրը որպես կրոնական, այն դեպքում, որ Արևմուտքն այն ներկայացնում է որպես «բազմակրոն ժողովրդավարական երկիր ստեղծելու ծրագիր»: «Թուրքիայի հասարակության լայն շրջանակներին մտահոգում է, թե ինչպիսին կլինի հետասադյան Սիրիան: Այդ տեսանկյունից Էրդողանի թիմակիցները ցանկանում են, որ իշխանությունը Սիրիայում անցնի էթնո-կրոնական մեծամասնությանը` սունիներին: Նրանք ներկայացննում են այս պատերազմը որպես կրոնական մեծամասնության պայքար` փոքրամասնություն կազմող ալևիների դեմ, թեև Ասադի կողմնակիցների շարքում կանգնած են Սիրիայի բոլոր հոգևոր համայնքների ներկայացուցիչները, այդ թվում և սունիները», - նշեց նա: Ըստ բանախոսի` պաշտոնական Անկարային ոչինչ չի մնացել, քան մխրճվել պատերազմի մեջ, մանավանդ, որ նաև իր ջանքերով վարկաբերկված Բաշար Ասադի հետ բանակցությունների սեղանին նստել այլևս անհնար է: Բանախոսի կարծիքով` պատերազմին կրոնական բնույթ տալով` թուրքական գործող իշխանությունները փորձում են լուծել նաև իրենց համար գլխացավային ևս մի հարց ` հրահրելով մոլեռանդ իսլամականներին սիրիահայ համայնքի դեմ: «Ինչպես հայտնի է, սիրիահայ «մայր գաղութը» Հայոց ցեղասպանության վերապրածների ազդեցիկ իրավահաջոդներից է, և բնական է, որ նման քաղաքականությամբ պաշոտանական Անկարան փորձում է նաև թուլացնել այն», - ասաց Ա.Հովհաննիսյանը:

No comments: