Wednesday, October 24, 2012

«Ալիևի արձանի տեղադրումը` հարված Մեքսիկայի ժողովրդի արժանապատվությանը»

Panorama.am.24-10-2012-Մեքսիկայի արտգործնախարարությունից Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետևանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Աղբյուրի փոխանցմամբ, նախօրեին պաշտոնական այցով Մեխիկոյում գտնվող արտգործնախարարը հանդիպել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Մեխիկոյում ունեցած հանդիպումների արդյունքները, պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերին: Ըստ աղբյուրի, Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Մեքսիկա լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից: Մեքսիկայի մամուլը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է Ադրբեջանի նախկին նախագահի և այսպես կոչված Խոջալուի հուշարձանների տեղադրումից հետո ստեղծված իրավիճակին՝ որակելով այն որպես հարված Մեքսիկայի ժողովրդի արժանապատվությանը: Հիշեցնենք, որ Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլև նաև աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ և պարզաբանումներ է տվել այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:

No comments: