Wednesday, October 24, 2012

Իրանի նախարար. Հայաստանի հետ ծրագրերի արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն

Հոկտեմբերի 24-ին Երևանում սկսվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան էր ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Իրանական պատվիրակության կազմում էին նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը բացեցին հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ասաց. «Երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է ապահովել տնտեսական համագործակցության բնագավառում համապատասխան ակտիվություն: Ներկայում օրակարգում են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի և նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառներում: Կարևոր նշանակություն ունի երկկողմ տրանսպորտային, մասնավորապես երկաթուղային հաղորդակցության ակտիվացումը: Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծի առնչությամբ կայացել են մի շարք քննարկումներ և նախագծի իրականացման համար առկա է կողմերի վճռականությունն ու շահագրգիռ հետաքրքրությունը»: Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն ասաց. «Իրանի և Հայաստանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են փոխըմբռնման մթնոլորտում: Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք իհարկե առաջընթաց գրանցել ենք, բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով որոշակի դանդաղել է այդ ծրագրերի ընթացքը: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար»: Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, հանքարդյունաբերության, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթական, մշակութային բնագավառներին, ինչպես նաև միջմարզային համագործակցությանն առնչվող հարցեր: Նիստի ավարտին՝ հոկտեմբերի 25-ին, կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992 թվականին` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ:

No comments: