Saturday, October 20, 2012

Սիրիահայերը Հայաստանում ոչ ապրուստ ունեն, ոչ աշխատանք. Ո՞վ կօգնի նրանց

«Panorama.am», 20.10.2012: 53-ամյա սիրիահայ Շուշանիկ Նունուշյանը արդեն երկու ամիս է, ինչ Հայաստանում է` պատմական հայրենիքում կինը սպասում է պատերազմի ավարտին, քանի որ անպայման ուզում է վերադառնալ այս պահին կրակի ու մարդկային զոհերի մեջ թաղված Հալեպ: Սակայն հայրենիքում էլ խնդիրները նրան չեն թողնում` կինը ոչ ապրուստ ունի, ոչ էլ աշխատանք (մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ աշխատել է Հալեպի մանկապարտեզներից մեկում). «Դուն չունիմ ու գործ կուզիմ, այդ երկուսը ինձ համար շատ-շատ կարևոր է, որով դիմացս ձմեռ է` հագնելիք պետք ա, ուտելիք: Ինձ հիմա անհրաժեշտ ասոնք պետք է, շատ-շատ»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Շ.Նունուշյանը: Վերջին երկու ամիսը, ինչ Հայաստանում է, մեր զրուցակիցը ապրել է ընկերների ու ծանոթների տանը, այստեղ-այնտեղ, սակայն հասկանում է, որ այդպես երկար չի կարող շարունակվել, առավել ևս, որ չգիտի էլ, թե որքա՞ն ժամանակ նա դեռ ստիպված կլինի ապրել Հայաստանում. «Անշուշտ ետ պիտի երթամ»,-նշեց նա: Մեր այն հարցին, թե արդյո՞ք չի դիմել Սփյուռքի նախարարություն, Շ.Նունուշյանը նշեց, որ նա եղել է արդեն գերատեսչությունում, որտեղ իր տվյալները գրառել են ու տեղեկացրել, որ կկապվեն իր հետ: Բայց մինչև նախարարությունը կպատասխանի իրեն, նա ամենօրյա փնտրտուքի մեջ է. «Տակավին լուր չունիմ նախարարությունից, բայց բոլորին ձայն տված եմ, որ ինձի գործ տան: Ես մանկավարժ եղած եմ ու շատ կուզիմ աշխատել` պստիկ պահեմ, ծերուկմը խնամեմ, ճաշը կպատրաստեմ… եթե անոնք գործ ըլլա ես կաշխատիմ»,- ասաց Սիրիայից հայրենիքում տուն ու աշխատանք փնտրող մեր զրուցակիցը: Եվ այսպիսիք շատ-շատ են… Panorama.am-ը զրուցեց «Օգնիր եղբորդ» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանի հետ հասկանալու` իրենց նախաձեռնությունը սիրիահայերին աջակցում է միայն Սիրիայի տարածքում, թե նաև հոգում է նրանց խնդիրները Հայաստանում: Ի վերջո այդ մարդիկ փախնում-գալիս են Հայաստան նույն պատերազմից ու իրենց հետ բերում ոչ պակաս խնդիրներ: «Մեր օգնությունն այս պահին նախատեսված է Սիրիայի հայ համայնքին, բայց նաև հասկանում ենք, որ նրանք, ովքեր պատերազմից փախել-եկել են Հայաստան այստեղ էլ հայտնվել են անելանելի կացության մեջ: Մարդիկ կան, որ ամառային հագուստով են եկել` մտածելով, որ շուտով կվերադառնան»,- նշեց Լ.Գալստյանը ու ավելացրեց, որ այս ընթացքում հասկացել են, որ խնդիրը ընդհանուր լուծում է պահանջում . «Պետության ներուժը հարկավոր է մոբիլիզացնել, մասնավոր դեպքերից մինչև իրավական դաշտի նախատեսումներ, ինչի տակ նկատի ունեմ վարկերը, սոցիալական բնակարանաշինություն, աշխատանքի ապահովում: Եվ կարծում եմ ժամանակն է, որ ստեղծվի միասնական շտաբ կամ միջկառավարական մարմին, որն այս բոլոր խնդիրների լուծումներ կփնտրի ամենօրյա ռեժիմում»,- նշեց Լ.Գալստյանը: Ավելացրեց նաև, թե բացարձակապես հեռու է ասելու, թե պետությունը ոչինչ չի արել սիրիահայերի հոգսերը թեթևացնելու ուղղությամբ, բայց հոգսերն այնքան շատ են, որ այլ լուրջ ու երկարաժամկետ լուծումներ են պահանջում. «Անհատական խնդիրներով չենք զբաղվում, որովհետև այս պահին խնդիր ենք դրել հասնել Սիրիա մեր համայնքին, բայց հաջորդ շաբաթ նախաձեռնող խումբը թերևս քննարկում կկազմակերպի, որովհետև այս կարգի բազմաթիվ զանգեր ես էլ ստանում եմ»,- հավելեց նա: Կարծես թե՝ Հայաստանը ունակ չէ հոգ տանել իր հայրենակիցների համար, ովքեր այս պահին դժվար կացության մեջ են հայտնվել, ովքեր համապատասխան ֆինանասական միջոցներից զուրկ են և ստիպված են գոյությունը պահպանել ծանոթ-բարեկամների տանը «յոլլա» գնալով ու անհույս աշխատանք փնտրելով: Տխուր է... Լիա Խոջոյան

No comments: