Saturday, October 13, 2012

Սիրիան չի աջակցում քուրդ զինյալներին. Ասադ

1in.am. 12-10-2012- Սիրիան չի աջակցում «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»: Այս մասին, ըստ
rosbalt.ru–ի, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը` թուրքական «Այդինլիկ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` թուրքական կառավարությունը նման մեղադրանքներ է ներկայացնում, քանի որ ինքն է սատարում խմբավորմանը, որը հանցագործություններ է իրականացնում Սիրիայում: Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը շարունակում է թուրքական տարածքում արկի ընկնելու հանգամանքների հետաքննությունը: «Դրան կնպաստեր համագործակցությունը թուրքական կողմի հետ, որը, ցավոք, չկա»,- մեջբերում է Սիրիայի նախագահի խոսքը Голос России-ն: Ավելի վաղ Ասադը հայտարարել էր, որ Սիրիան խնդիր չունի Թուրքիայի ժողովրդի հետ, այլ միայն նրա կառավարության հետ: Նրա կարծիքով` Սիրիան պատասխանատվություն չի կրում պաշտոնական Անկարայի հետ երկխոսության բացակայության համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ի պատասխան Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած դեպքի, երբ արկ ընկնելու հետևանքով 5 մարդ էր մահացել և 10-ը` վիրավորվել` Թուրքիան կրակ էր բացել սիրիական տարածքի վրա: Սիրիայի իշխանությունները ներողություն են խնդրել այդ դեպքի համար: ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը Սիրիայից պահանջել են դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն Թուրքիայի դեմ: Թուրքիայի խորհրդարանը Էրդողանի կառավարությանը արտասահմանյան երկրներում, այդ թվում` Սիրիայում, ռազմական գործողություններ իրականացնելու մեկ տարվա մանդատ է տրամադրել: «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» արմատական կազմակերպություն է, որն ուզում է հասնել Թուրքիայի, Իրաքի, Իրանի և Սիրիայի տարածքներում Քուրդիստանի անկախ պետություն ստեղծելու իր նպատակին։

No comments: