Wednesday, October 17, 2012

Թուրքիան այլևս չի կարող մահմեդական աշխարհի պաշտպանի դեր ստանձել. թուրքագետ

Tert.am. 17-10-2012- Թուրքիան դեռևս մի քանի ամիս կպահի լարվածությունը թուրք-սիրիական սահմանին և լուրջ գործողություններ չի իրականացնի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին իր համոզմունքը հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա՝ պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ թուրք հասարակության մեծ մասը դեմ է պատերազմին: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական պոպուլիստ քաղաքական գործիչ է, և մեծ նշանակություն է տալիս հասարակության կարծիքին: Սակայն Թուրքիան այլևս չի կարող մահմեդական աշխարհի պաշտպանի դեր ստանձնել, իսկ Սիրիայի հարցում չի կարող պնդել չեզոքությունը, քանի որ սիրիական այս ապստամբությունը հիմնականում ֆինանսավորվում է Թուրքիայի միջոցով , ապստամբները վերապատրաստում են անցել հենց Թուրքիայում և ռազմամթերք են ստանում կրկին այս երկրի միջոցով»,- ասաց նա: Ըստ թուրքագետի, ի վերջո, ամեն ինչ արվում է տարածաշրջանում Իրանի դերը նվազեցնելու համար, քանի որ այն ինչ վատ է Իրանի համար, լավ է Թուրքիայի համար: Այնուամենայնիվ, Արտակ Շաքարյանը հույս հայտնվեց, որ Իրանի դեմ պատերազմ չի սկսվի, քանի որ դա բացասաբար կազդի Հայաստանի վրա: «Իրանից փախստականների հոծ զանգված կլցվի Հայաստան, որը անվտանգության առումով այդքան էլ ձեռնտու չէ: Հայաստանի համար Իրանի սահմանը միակ հուսալի սահմանն է, պատերազմի ժամանակ այն կփակվի, և մենք կմնանք միայն Վրաստանի հետ «հեղհեղուկ» սահմանի հույսին»,- ասաց նա: Միաժամանակ թուրքագետը նշեց, որ շատ բան կախված է Իրանի առաջիկա նախագահական ընտրություններից: «Գործող նախագահը երրորդ անգամ չի կարող առաջադրվել, և այստեղ կարող են ակտիվանալ ընդդիմադիրները՝ ցանկանալով իրականացնել «արաբական գարունը»: Առիթից կարող են շատերն օգտվել: Բայց այստեղ չի կրկնվի Իրաքի պատմությունը, քանի որ իրանցիները շատ ավելի միասնական են: Այլազգի զինվորի ոտք Իրանում դժվար թե դրվի»,-ասաց նա:

No comments: