Tuesday, October 30, 2012

Ինչ է տեղի ունեցել ադրբեջանական նավթի հետ

«Լրագիր» 29-10-2012- Մեծ Բրիտանիան մեծ դեր է խաղացել Հարավային Կովկասում եւ Կասպից ծովում կայունության ու անվտանգության ապահովման հարցում, դառնալով նավթային ու գազային նախագծերի նախաձեռնող: Մեծ Բրիտանիան չի կարող թույլ տալ նավթի ու գազի արդյունահանման եւ տեղափոխման օբյեկտների ոչնչացումը, որտեղ կատարվել է 35-40 մլրդ դոլար ներդրում: Բրիթիշ Փեթրոլեում ընկերությունը (ինչպես նաեւ Տոտալը Ֆրանսիայում) բրիտանական կառավարության արտաքին քաղաքական գործիք է, որը չի կարող իր քաղաքականության մեջ հաշվի չառնել տվյալ ընկերության շահերը: Բրիթիշ Փեթրոլեումը վաճառքի ծավալներով զիջում է ԱՄՆ խոշորագույն նավթային ընկերություններին, սակայն ամերիկյան ընկերությունները թեեւ համարվում են ԱՄՆ քաղաքական կարեւոր ռեսուրս, այնուամենայնիվ այդքան կարեւոր դեր չեն խաղում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Միեւնույն ժամանակ, Բրիթիշ Փեթրոլեումը ոչ միայն արտաքին քաղաքական գործիք է, այլեւ, նախեւառաջ, կոմերցիոն ընկերություն, եւ շահագրգռված է սեփական բիզնեսի ռազմավարական անվտանգության մեջ: Այն գլոբալ ընկերություն է, որն աշխատանքի ահռելի փորձ ունի շատ երկրներում ու տարածաշրջաններում, այդ թվում հետախուզական աշխատանքների ոլորտում, եւ երկրաբանական տեսակետից ոչ բարդ կասպիական շրջանում նավթի պաշարների սահմանումը նրա համար դժվարություն չի ներկայացնում: Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերում նավթի պաշարները բավական մանրամասն սահմանվել են դեռեւս խորհրդային տարիներին, այսինքն 70-80-ական թվականներին, երբ դրանք կազմում էին 540 մլն տոննա, ինչը եւ ընդունվեց որպես բալանսային պաշար «Դարի գործարքի» կնքման շեմին: Ազերի, Չիրաղ եւ խորջրյա Գյունեշլի հանքավայրերի շահագործման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1994 թ. սեպտեմբերի 20-ին եւ ուժի մեջ մտել դեկտեմբերի 12-ին: Ընդ որում, BP - Amoco ընկերության բաժինը կազմում է 34,1367 տոկոս, սակայն բրիտանա-ամերիկյան այս դաշինքը օպերատոր է եւ գործնականում այդ նախագծի «դիրիժորը»: Հետագայում, տվյալ հանքավայրերի պաշարները գնահատվեցին 940 մլն տոննա՝ որպես ապացուցված, իսկ նկատի առնելով հաստատված տվյալը՝ 1,03 միլիարդ տոննա: «Դարի պայմանագրի» շրջանակում իրականaցվող շահագործման ժամանակ (հաշվի առնելով 2012 թ գնահատականները) արդյունահանվել է 288.5 մլն տոննա կամ նախապես հաստատվածի 53.5%-ը, եւ 30.7%-ը ողջ հաստատվածից: 2009 թ. նավթի արդյունահանումը կազմել է 40.3 մլն տոննա նախատեսված 46.8 մլն տոննայի փոխարեն, 2010 թ համար կանխատեսվել էր 42.1 մլն տոննա, բայց արդյունահանվել է 40.6 մլն տոննա, 2011 թ 40.2 մլն նախատեսվածի փոխարեն իրականում արդյունահանվել է 36 մլն տոննա: 2012թ արյդունահանվելու է 33 մլն տոննա, այն դեպքում, երբ կանխատեսվել էր 35.6 մլն տոննա: Ադրբեջանական կողմը սկզբում արդյունահանման ծավալների անկումը բացատրում էր շահագործման խնդիրներով, սակայն հետո Բրիթիշ փեթրոլեումի հասցեին հանդես է եկել մեղադրանքով, այդպես էլ բովանդակալից պահանջներ չներկայացնելով ընկերությանը: Բացի այդ, եթե դատենք առկա պաշարներով եւ նավթի արդյունահանման որոշ ծրագրային մտադրություններով, արդյունահանումը չպետք է այսքան նշանակալի լիներ, եւ անկման միտումը պետք է ավելի «փափուկ» լիներ: Երեւում է, ադրբեջանական ղեկավարությունը վախենում է իրավիճակից, երբ արդյունահանման անկումը կարող է առավել նշանակալի դառնալ, ինչը կհանգեցնի Ադրբեջանում տնտեսական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի արմատական փոփոխության: Հարկ է հաշվի առնել նաեւ, որ չնայած նավթի համաշխարհային գների տատանումներին, ամեն դեպքում, կանխատեսվում է գնանկում, ինչը արդյունահանման ծավալների այսքան կտրուկ անկման կողքին կարող է աղետ դառնալ Ադրբեջանի համար: Բնական գազի արդյունահանման եւ արտահանման ծավալումը, անկասկած, նկատելիորեն կմեղմացնի նման հեռանկարի հետեւանքները, սակայն գազը նավթ չէ տնտեսական եւ քաղաքական առումով: Տվյալ իրավիճակում կասկածներ են ծագում, որ նախագծի իրականացման սկզբից էլ նավթի պաշարները բավական չափազանցված են եղել, ինչը տարածված պրակտիկա է հումքային ընկերությունների գործունեության համար: Դա կատարվում է ձեռնարկության կապիտալիզացիան բարձրացնելու նպատակով: Բացի այդ, չնայած բազմաթիվ ջանքերին, այդպես էլ ոչ BP-ի, ոչ էլ այլ մասնակից ընկերությունների նյութերում չի հաջողվել գտնել, թե տվյալ նավթահանքերում որքան է պաշարների ծավալը: Ավելի վաղ նավթի արդյունահանման մակարդակը կասպիական հանքավայրերում չէր գերազանցում 60 %-ը: Եթե նկատի առնենք խորհրդային երկրաբանության կորիֆեյների գնահատականները, ովքեր լավ ծանոթ էին կասպիական երկրաբանությանը, նախապես հայտարարված 540 միլիոն տոննան էլ համարվում է նավթի արդյունահանման իրական պաշար: Այսպիսով, այժմ արդյունահանվել է սկզբնական պաշարների ավելի քան կեսը: Էներգետիկայի ոլորտի բրիտանացի գիտնականների համաձայն, նավթի արդյունահանման ծավալները կարող են նվազել մինչեւ 25 մլն տոննա: Կարելի է ենթադրել, որ եթե նավթի պաշարները մնացել են ոչ ավել, քան 250 մլն տոննա, ապա շահագործման ժամկետը կտեւի մոտ 10 տարի: Այդ դեպքում կփլուզվի տվյալ նախագծի քաղաքական բաղկացուցչի ողջ սխեման, որը ներառում է նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այդ դեպքում, հնարավոր կլինի տվյալ նավթամուղով տեղափոխել կամ ղազախական նավթը, որը հիմնականում ուղղված է դեպի Չինաստան, կամ էլ ռուսականը, ինչն այսպես թե այնպես կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից այդ նավթամուղի ձեռքբերմանը: Այդպիսով, Կասպիական ադրբեջանական հատվածում նավթի պաշարների արագ սպառումը կարող է քաղաքական բնույթի զգալի տհաճություններ առաջ բերել, եթե հաշվի առնենք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նախեւառաջ քաղաքական բնույթ ունի եւ այդ պատճառով է աջակցություն ստացել ԱՄՆ կառավարության կողմից: Այդ կապակցությամբ, հնարավոր է մշակվել է արդյունահանման ժամկետների ձգձգման ռազմավարություն, եւ կարելի է ենթադրել, որ տվյալ ռազմավարությունը մշակվել է նախագծի իրականացման սկզբում: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը կփորձի պահպանել նավթի պաշարներն ապագա սերունդների համար, սակայն Բաքվի ներկայիս արձագանքը խոսում է այն մասին, որ նման հայրենասիրական մտադրություններ չկան եւ չեն էլ կարող լինել: Ադրբեջանի առաջնորդը կարճ ժամկետում երկրի նավթագազային պաշարների առավելագույնս արագ սպառման միանշանակ խնդիր է դրել՝ անձնական, ընտանեկան եւ կլանային հրաստացման նպատակով: Այդպիսով, Ադրբեջանի իշխող ընտանիքի շահերը հակասության մեջ են մտել ոչ միայն BP-ի, այլեւ ԱՄՆ, հնարավոր է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքական շահերի հետ: Պետք է նշել, որ BP-ը ժամանակ առ ժամանակ որոշակի «նախաձեռնություններ» է զգացել իր վրա, Ադրբեջանի կողմից վերջինիս շահերի հնարավոր լոբբինգի առումով: Բացի այդ, ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ Ադրբեջանն այնքան էլ կարեւոր գործընկեր չէ, որպեսզի հատուկ ջանքեր գործադրվեն վերջինիս շահերը պաշտպանելու համար: Այդուհանդերձ, 2005 թ որոշակի, սակայն բավական «երկչոտ» քայլեր են կատարվել եվրոպական կառույցներում Բաքվի շահերի լոբբինգ կատարելու համար, սակայն անհաջողությամբ են ավարտվել: Տպավորություն է ստեղծվել, որ տվյալ ֆիասկոն նախապես ծրագրված է եղել, որպեսզի ցույց տրվի Ադրբեջանին, որ տվյալ փորձերը զուր են եւ չեն կարող հաջողություն բերել: Որոշ բրիտանացի փորձագետների գնահակատանով, «Մեծ Բրիտանիան չի կարող իրեն թույլ տալ դառնալ Ադրբեջանի շահերի լոբբիստը, եւ դա հարիր չէ մեծ տերությանը: Բավական է միայն այն, որ Լոնդոնում լավ ներկայացված են Ալիեւների ընտանիքի շահերը»: Ինչպես հայտնի է, Լոնդոնում է գտնվում Ադրբեջանի իշխող ընտանիքի ողջ հարստությունը եւ ակտիվները: «Ադրբեջանը հարստացել է, որովհետեւ մենք ներկա ենք այնտեղ»,- պնդում է բրիտանացի փորձագետը: Այնպես որ, Իլհամ Ալիեւին հեշտ չի լինելու վիճաբանության մեջ մտնել իր գործընկերների, ըստ էության՝ պատրոնների հետ:

No comments: