Tuesday, October 16, 2012

Վարդան Օսկանյանի գործը Արևմուտքի պատվեր չի կարող լինել. Նաիրա Զոհրաբյան

«HayNews.am», 16.10.2012: «Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ նախկին ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ գործը «լավ մշակված սցենար է Արևմուտքի կողմից»: Նրանք ցանկանում են Հայաստանը տանել Վրաստանի ճանապարհով: Հմայակ Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Օսկանյանին՝ որպես ընդդիմադիր թեկնածու, բոլոր քաղաքական ուժերն էլ կսատարեն՝ այդ թվում նաև ՀԱԿ-ը: Մեկնաբանելով Վարդան Օսկանյանի գործի` արևմուտքի պատվեր լինելու մասին կարծիքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ընդհանրապես քաղաքականության մեջ ես չեմ առաջնորդվում դավադրությունների տեսությունով։ Եթե առանորդվենք ձեր նշած տեսությամբ, ապա ստացվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը կատարել է ԱՄՆ-ի պատվերը՝ նման իրավական հիմնավորումից զուրկ միջնորդությունը խորհրդարանին ներկայացնելով։ Ուրեմն սա ուղղակիորեն զուրկ է ցանկացած տրամաբանությունից եւ այս ամենը արեւմուտքի հետ կապելն առնվազն անլուրջ է։ Մեկ բան ակնհայտ է, որ այդ միջնորդության մեջ որեւէ իրավական հիմնավորում չկա, եւ այն ունի բացառապես քաղաքական մոտիվացիա եւ դա է պատճառը, որ Օսկանյանի հանդես մեղադրանք առաջադրելու դատախազի միջնորդությանը նման կոշտ արձագանք ստացավ Եվրամիության դեսպանների, ԱՄՆ դեսպանի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողի կողմից։ Այս ամենը այս կամ այն երկրի հետ կապելը մեր որոշ քաղաքական գործիչներին բնորոշ դավադրական գործելաոճ է։ Ինչ վերաբերում է Հանթսմանների սպասվող բավականին կոշտ գնահատականի,ապա ասեմ,որ եթե նման գնահատական հնչի, ապա դա միանգամայն կանխատեսելի կլինի, որովհետեւ Հանթսմաններն այդ գումարը տվել են բացառապես Վարդան Օսկանյանի տնօրինությանը եւ Հանթսմանների ներկայացուցիչը հենց այդպես էլ ներկայացրել է իր բացատրագրում։ Եթե այդ բացատրագիրը չի բավարարել գլխավոր դատախազությանը, ապա՝ այո, ես չեմ բացառում, որ առաջիկայում Ջոն Հանթսմանն ինքը հանդես գա հայտարարությամբ»: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն ասաց,որ չի լսել նման կարծիք,և դա համարում է անլուրջ: Խոսելով Հանթսմանների սպասվող արձագանքի մասին` Գագիկ Մինասյանը ասաց. «Երբ կխոսեն,այդ ժամանակ էլ կարձագանքենք»: Իսկ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը հայտնեց. «Ցանկացած պարզաբանում կօգնի Վ.Օսկանյանին: Լինի դա Հանթսմանի կողմից,թե մեկ այլ անձի: Կարևորը ճիշտ ուղղով գնալն է: Ինչ վերաբերում է Արևմուտքի պատվեր լինելու մասին խոսակցություններին, ապա ասեմ,որ դա միայն երևակայության արդյունք է: Եղել է խնդիր, որի հետևանքով էլ առաջացել է նման իրավիճակ»:

No comments: