Tuesday, October 16, 2012

Էլ Յամին Սումի. Երևանը զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ ունի

«Panorama.am», 16.10.2012: Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման, զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ մի շարք հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրնասիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա ամուր բարեկամական և գործակցային կապերը կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ ծրագրերի իրականացման` մասնավորապես մշակության ժառանգության պահպանման համար: «Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է քննարկելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր: Մայրաքաղաքն օրեցօր զարգանում է և դրանով է պայմանավորված դեպի Երևան զբոսաշրջիկների ավելացող հոսքը: Քաղաքում պատմամշակութային մեծ ժառանգություն կա, իսկ դա ավելի ճանաչելի դարձնելու գործում մենք ակնկալում են նաև մեր գործընկերների աջակցությունը»,- նշել է Արամ Սուքիասյանն ու հավելել, որ այս տարի Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը ևս վկայում է այն մասին, որ մայրաքաղաքն ունի մեծ ներուժ` պատմամաշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության զարգացման բնագավառում: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Էլ Յամին Սումը նշել է, որ, «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության շրջանակում մասնակցելով մի շարք միջոցառումների և շրջելով մայրաքաքում` նկատել է զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել և արտերկրում ավելի ներկայանալի դարձնել Երևանի պատմամաշակութային ժառանգությունը: Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը հետաքրքրված է Երևանում ստեղծել զբոսաշրջության գրասենյակ և ակնկալում է այդ ուղղությամբ առաջարկություններ բոլոր գործընկերներից: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև կազմակերպել մասնագետների փոխայցեր:

No comments: