Thursday, October 18, 2012

ԼՂՀ-ի օդային տարածքի պաշտպանվածությունն անհանգստացրել է պաշտոնական Բաքվին

Panorama.am. 18-10-2012- Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքը հուսալիորեն պաշտպանված է, և որ հայերի խիզախ հայտարարությունները իրենց քաջության արդյունքը չեն, այլ դրսից օժանդակության հետևանք են` «Голос Армении»-ն նշում է, որ Սաբիրօղլուի հայտարարության մեջ պանիկայի և շփոթության տարրեր են զգացվում: Բանն այն է, որ նախկինում Հայաստանի ագրեսոր հարևանը խոսում էր միմիայն ուժի և սպառնալիքների լեզվով, սակայն այսօր արդեն պաշտոնական Բաքուն սկսեց պաշտպանվողի դիրք գրավել: Ըստ թերթի` Բաքվի քարոզչամեքենայի խափանման գլխավոր պատճառը ԱՄՆ ռազմական փորձագետ Շոն Օքոների հայտարարությունն էր առ այն, որ ԼՂՀ օդային տարածքը պաշտպանված է հայտնի С-300 հակաօդային պաշտպանության համակարգերով: Բացի այդ` պաշտոնական Բաքվին չէր կարող չանհանգստացնել Հարավային Կովկասում ԵՄ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տրված հարցազրույցում, ուր Սեմնեբին ասել է, որ ԼՂ հարցի ուժային լուծումն անթույլատրելի է, քանի որ Արցախի հետ կապված իրավիճակի ցանկացած կտրուկ փոփոխություն ուղղակիորեն ազդելու է ԵՄ անդամ պետությունների շահերի վրա: «Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանին դրսից օժանդակելու մասին խոսելուց հետո Սաբիրօղլուն միանգամից հղում արեց այն փաստին, որ ադրբեջանական նավթագազային ենթակառուցվածքները եվրոպական խոշոր նավթային ընկերությունների շահերի շրջանակում են, այսինքն` պաշտոնական Բաքուն ինքը դրսի ուժերի հույսին է»,-նկատում է «ГА»-ն:

No comments: