Thursday, October 18, 2012

Իշխանությունը կկիսե՞ն

«Լրագիր» 18-10-2012- Հայաստանի ներքաղաքական պայքարում կարծես թե նոր ձեւակերպում է ամրագրվում շրջանառության մեջ, որ սկզբնավորվեց դեռեւս խորհրդարանի ընտրությունից` «քաղաքական հակակշիռների» ձեւավորում «քաղաքական մենաշնորհի» փոխարեն: Ինչ է դա նշանակում եւ ինչ կապ ունի այդ ամենը Հայաստանի բուն խնդիրների հետ: «Քաղաքական հակակշիռ» ասվածը հասկանալու համար, թերեւս պետք է հասկանալի լինի «քաղաքական մենաշնորհ» արտահայտությունը: Եվ այն պետք է դիտարկվի մասնավորապես Հայաստանի վրա: «Քաղաքական մենաշնորհի» տակ հասկացվում է այն, որ մեկ քաղաքական ուժը` տվյալ դեպքում ՀՀԿ-ն, տնօրինում է թե ԱԺ-ն, թե նախագահի պաշտոնը, թե կառավարությունը: Ով է ՀՀԿ-ին տվել այդ իրավո՞ւնքը: Պետք է նկատել, որ դա Սահմանադրությամբ արգելված չէ: Բայց, ըստ Սահմանադրության, որեւէ ուժ պետական կառավարման լծակներին կարող է տիրել ժողովրդի որոշմամբ, այսինքն` ընտրությամբ: Պարզ է, որ ՀՀԿ-ն լծակներին տիրում է բոլորովին այլ հանգամանքների շնորհիվ, որոնց թվում ժողովրդի կամք փաստացի չկա: Այդ իրողության պայմաններում ի՞նչ է նշանակում «քաղաքական հակակշիռ»: Դա ոչ այլ ինչ է, քան ի հեճուկս ժողովրդի կամքի ձեւավորված իշխանությունը կիսելու առաջարկ ՀՀԿ-ին: Իրականում, դա «քաղաքական մենաշնորհի» ապամոնտաժման հետ որեւէ կապ չունի, կամ կապ ունի այնքանով, որ առաջարկվում է իշխանությունը ՍՊԸ կարգավիճակից վերածել բաժնետիրական ընկերության կարգավիճակի: Թվում է, որ դա էլ հենց դեմոկրատիան է, սակայն իրականում դա դեմոկրատիայի հետ կապ ունի այնքան, որքան ասենք դեմոկրատական էր Հայաստանը 2003-ից մինչեւ 2008 թվականը: Բանն այն է, որ այդ տարիներին Հայաստանում ձեւավորվեց իշխանության բաժնետիրական մոդելը: Իշխանության մաս կազմեցին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: Բայց, մեղմ ասած չափազանցություն կլինի ասել, թե այդ մոդելը մոտ էր ժողովրդավարությանը, եւ Հայաստանում չկար քաղաքական մոնոպոլիա: Բանն այն է, որ այդ «բաժնետիրական» իշխանությունը եւս ձեւավորվեց կեղծված ընտրության միջոցով, հետո էլ կեղծեց ամբողջ երկու ընտրություն` 2007 եւ 2008, արանքի ՏԻՄ ընտրություններն էլ չհաշված: Այսինքն, այդ տարիներին Հայաստանի իշխանությունը բաժնետիրական էր այնքանով, որքանով որ բաժնետերերը համաձայնում էին խաղալ իշխանության սահմանած խաղի կանոններով, այսինքն լինել քրեաօլիգարխիկ, քվոտավորված, կլանային համակարգի հետեւորդ: Այսինքն, առանցքայինն այդուհանդերձ խաղի կանոններն են: Հարցը հետեւյալն է. ով է մշակում այդ կանոնները, ինչով են դրանք ամրագրվում: Հայաստանում ամրագրված կանոնը Սահմանադրությունն է: Սահմանադրությունը չի արգելում, որ նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության ինստիտուտները տնօրինի մեկ ուժ: Սահմանադրությունը պարտադրում է, որ այդ ուժը ընտրվի ժողովրդական քվեարկությամբ: Հետեւաբար, Հայաստանում կա ոչ թե «քաղաքական մենաշնորհը» «քաղաքական հակակշիռներով» փոխարինելու, այլ սահմանադրական կարգ հաստատելու եւ ընտրական մեխանիզմի ազատ, արդար ու թափանցիկ աշխատանք ապահովելու խնդիր: Առնվազն տարակուսելի է, երբ սահմանադրական կարգի խնդիրը Հայաստանում փոխարինվում է «քաղաքական հակակշիռների» հռչակագրով, այն դեպքում, երբ Հայաստանն արդեն ըստ էության մի անգամ անցել է այդ ճանապարհով, եւ որ հենց այդ ճաապարհն է, որ Հայաստանին հասցրել է ՀՀԿ-ի բացարձակ իշխանության: Հիմա փաստացի կոչ է արվում վերադառնալ արդեն անցած մեխանիզմին: Շատ լավ, բայց այդ դեպքում արդեն առարկայական է դառնում անցած մեխանիզմի ընթացքում թույլ տրված բացթողումների, վրիպումների, արատների քննարկման եւ դրանց վերաբերյալ հանրային բաց դիսկուրսի ծավալման խնդիրը, որպեսզի հանրությունը երաշխիք ունենա, որ հետ վերադառնալով, այս անգամ ավելի ճիշտ ճանապարհով կգնա առաջ: Երբ ըստ էության առաջարկվում է վերադառնալ այսպես ասած ելման կետի տարբերակին, ուրեմն այլեւս անմիջական քննարկման է արժանի ոչ միայն ներկայի իշխանության, այլ նաեւ անցյալի կառավարիչների եւ որոշում կայացնողների գործունեությունը, եւ պատասխաններ պետք է պահանջվեն արդեն ոչ միայն ներկայիս, այլ նաեւ անցյալի պատասխանատուներից: Ինչ խոսք, Սահմանադրական կարգի հաստատման տեսանկյունից կարեւոր է, որ երկրում իշխող քաղաքական ուժին հակադրվի մեկ այլ կենսունակ եւ հզոր ուժ, որը կկարողանա նրան ստիպել գնալ թե բարեփոխումների, թե կոմպրոմիսների: Բայց, ամեն ինչ վերածվում է իշխանությունը կիսելու բանալ առաջարկի, եթե իշխանությանն առաջարկվող մրցակցության կարգախոսը ոչ թե Սահմանադրական կարգն է, այլ «քաղաքական հակակշիռը»: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: