Wednesday, October 24, 2012

Պետության քաղցկեղն ու օլիգարխիայի գենը

«Լրագիր» 24-10-2012- Պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով հայտարարում է, թե ՀԴՄ կտրոնների ներկրումը պետք էր մենաշնորհ անել եւ դրա համար էլ արել են, եւ ով փաստացի չի հերքում, որ մենատեր այդ ներկրող ընկերությունը պատկանում է իրեն, շարունակում է անմռունչ պաշտոնավարել: ՊԵԿ նախագահի հայտարարությանը չի արձագանքել որեւէ առաջին դեմք, որեւէ մեկը նրանցից, որ հայտարարում են երկրում օլիգոպոլիաների, մոնոպոլիաների, «ատկատների» դեմ պայքարի, «խոշորներին գլխից բռնելու» մասին: Քար լռություն է: Բոլորը զբաղված են Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business զեկույցում Հայաստանի աննախադեպ առաջընթաց վայելելով: Եվ ոչ ոք չի էլ փորձում հասկանալ, թե ինչու զեկույցներում առաջադիմություն արձանագրող Հայաստանն իրական կյանքում ոչ մի առաջընթաց էլ չի արձանագրում: Բոլորը գիտեն, թե ինչու: Ամենից լավ իհարկե իշխանությունը գիտե: Հայաստանն իրական կյանքում չի առաջադիմում, որովհետեւ իշխանությունը հետամուտ չէ սահմանադրական եւ օրենսդրական նորմերի համահավասար կիրառմանը: Հայաստանում իշխանությունը շարունակում է պատկանել քրեաօլիգարխիկ սեգմենտին, եւ հարցերն էլ շարունակվում են լուծվել այդ շրջանակում` ոչ թե Սահմանադրությամբ կամ օրենքով: Երբեմն դրանք կարող են համընկնել Սահմանադրության կամ օրենքի պահանջի հետ, բայց դա կրում է ժամանակավոր բնույթ: Հարատեւն այն է, ինչի մասին խոսում է ՊԵԿ նախագահը` «այդպես էր պետք, այդպես արեցինք»: Դրանից հետո պարզ հարց է առաջանում` եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի առաջադիմության զեկույցը լիովին համապատասխանում է իրականությանը, բացարձակ ճշմարտություն է, միեւնույն է, դրանից ի՞նչ օգուտ, եթե երկրում որեւէ հետընթաց չի ապրում բիզնեսի եւ իշխանության սերտաճումը, եւ իշխանական լծակները ծառայում են իշխանության ներկայացուցիչների բիզնես շահերի պաշտպանմանն ընդդեմ «տեր չունեցող» գործարար շրջանակների: Այդ կերպ, գործ ունենք պարզապես ինքնախաբեության հետ: Օրինակ, Հայաստանի տնտեսական միջավայրի իրական պատկերի առումով բավական հատկանշական մի գործ է Lragir.am-ի անդրադարձը` Վերաքննիչ վարչականը` դեկորատիվ ֆիգուր հրապարակումը: Հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ այդօրինակ գործերը հարյուրավոր չեն: Եվ հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ Հայաստանում բիզնես-մրցակիցներին հենց «օրորոցում խեղդելու» հարյուրավոր տարբերակներ ունի իշխող քրեաօլիգարխիկ համակարգը, որի ձեռքին պետական լծակն ընդամենը հարաստության եւ հաշվեհարդարի գործիք է: Հայաստանում կարելի է ասենք հաշված րոպեների ընթացքում գրանցել ընկերություն, որը պատրաստվում է զբաղվել շաքարավազ ներկրելով: Բայց այդ ընկերությանը կխեղդեն շաքարավազի մեջ, անգամ եթե ընկերությունը ոչ մի կերպ չի սպառնում շաքարի մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանի շահութաբերությանը: Նույնն է գրեթե բոլոր ոլորտներում, քանի որ Հայաստանի գրեթե ամբողջ տնտեսությունն է յուրացված մի քանի անձանց միջոցով: Բիզնեսի եւ իշխանության հանցավոր եւ վտանգավոր սերտաճումը Հայաստանում շարունակում է մնալ տնտեսության թիվ մեկ խնդիրը, որի պարագայում մնացյալ ձեռքբերումները, որքան էլ դրանք խորը լինեն, դառնում են ընդամենը կոսմետիկ բնույթի: Դրանք եւ դրանց գեներացիան անշուշտ կարող են ունենալ հանրային մտահոգեբանական զգալի էֆեկտ, բայց, մինչ դա տեղի կունենա, տնտեսության առավել հիմնարար արատները այնպես են փակում այդ էֆեկտի ճանապարհը դեպի հանրություն, որ հիասթափությունն ինչպես միշտ գալիս է էֆեկտից շուտ եւ օբյեկտիվորեն անում իր անշրջելի գործը: Պատճառն այն է, որ Հայաստանում գործն արվում է թարս` այսինքն գլխիվայր: Ոչ թե ինտենսիվ պայքար է գնում քաղցկեղի օջախի դեմ, այլ պայքարն ինտենսիվ է մետաստազների դեմ: Պարզ է, որ այդ պարագայում, որքան էլ մետաստազները արագ հաղթահարվեն, արդյունավետ հաղթահարվեն եւ որքան էլ հիվանդի մոտ նույնիսկ առույգ եւ բարձր տրամադրություն ձեւավորվի, միեւնույն է, օջախը շարունակում է «ծխալ» եւ «սերունդ» տալ, ընդ որում սերունդ տալ նաեւ բառի բուն իմաստով, քանի որ պաշտոնյա եւ օլիգարխ հայրերին փոխարինելու են գալիս նրանց որդիներն ու դուստրերը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: