Wednesday, October 31, 2012

«Ազգ». Ինչո՞ւ են հալածում սպարապետի ընտանիքին

«NEWS.am», 31.10.2012: Մի խումբ ԲՀԿ-ամերձ անձանց «պոդաչկայով» որոշ կայքեր ու հեղինակներ այս օրերին բառի բուն իմաստով հարձակվել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի ու նրա եղբոր վրա՝ օգտագործելով բացարձակ անհեթեթ մեղադրանքներ եւ անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ: Այդ մասին գրում է «Ազգ» թերթը։ «Արամ Զ. Սարգսյանի ու նրա մերձավորների վրա իրականացվող քարոզչական ու քաղաքական-հոգեբանական հարձակումն արդեն անցնում է պարկեշտության սահմանները: Բացի այն, որ ԲՀԿ-ին խիստ համակրող առանձին ցանցային քարոզչամիջոցներ զբաղված են Արամ Զ. Սարգսյանին վարկաբեկելու գործին, հենց այս օրերին մարդու իրավունքների ԲՀԿ-ական պաշտպանները փութաջանորեն ծանոթանում են Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչ, մարդասպան Նաիրի Հունանյանի բանտախցի պայմաններին: Նայում են, թե արդյոք այդ անիծյալ ահաբեկչի պահման պայմանները համապատասխանո՞ւմ են պահանջվող ստանդարտներին, լա՞վ են նրան նայում, թե՞ ոչ: Մարդու իրավունքները՝ Նաիրի Հունանյանի պրոյեկցիայով, գուցե վեհ է հնչում ոմանց համար, բայց ինչո՞ւ հենց այս օրերին: Եվ իսկապես, ինչպիսի սրտացավ վերաբերմունք Նաիրի Հունանյանի նկատմամբ, հենց այն օրերին, երբ հասարակությունը, զոհվածների հարազատները, ընկերները ու շատ մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ մյուս գործիչների հիշատակին: Մի՞թե կարելի է պատահական համարել այն, որ Արամ Զ. Սարգսյանի դեմ քարոզչական վայնասունը ու ահաբեկիչ Նաիրի Հունանյանին սրտացավ այց կատարելը ժամանակային նման համընկնում ունեցան: Դժվար թե դա պատահականություն լինի, այլ հարց է, թե այդպիսով ԲՀԿ-ն կամ ավելի ճիշտ՝ ֆրակցիա կազմած խումբը է՛լ ի՞նչ մեսիջներ է ցանկանում հղել այս ու այն կողմ»,- գրում է «Ազգը»։

No comments: