Thursday, October 25, 2012

Հայաստանը պետք է ավելի կոշտ լինի Ադրբեջանի հետ բանակցություններում. Կարեն Բեքարյան

Tert.am. 25-10-2012- «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ունենա։ «Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները» թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում բանախոսը, վերլուծելով միջազգային ասպարեզում տեղի ունեցող դեպքերը, ներկայացրեց այն ուղղակի և անուղղակի գործոնները, որոնք կարող են որոշակի ներգործություն ունենալ ԼՂ հարցի կարգավորման վրա։ «Մենք այսօր ականատես ենք լինում Եվրոպայի սրտում կատարվող մի շարք դեպքերի, որոնք ուղղակի ներգործություն ունեն ԼՂ կարգավորման վրա»,– ասաց նա: «Այդ ազդեցություններից են Մեծ Բրիտանիա-Շոտլանդիա հարաբերությունները, Իսպանիա-Կատալոնիա ինքնորոշման իրավունք ստանալու համար ընթացող գործընթացները, և երկրները վաղուց հասկացել են, որ նման գործողությունները պետք է իրականացնել առանց հրասայլերի և ուժի կիրառման սպառնալիքների»,-ասաց Կարեն Բեքարյանը: Անդրադառնալով այսօր Ավստրիայի ամենամեծ նահանգի կողմից ԼՂՀ ճանաչմանը, բանախոսը այն մեծ զարգացում որակեց, բայց ոչ հարցի լուծում: Կարեն Բեքարյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերին: «Եռանախագահների հանդիպման ժամանակ, հավանաբար, կփորձեն առաջ քաշել երկրի նախագահների հանդիպման խնդիրը։ Սաֆարովի դեպքից հետո մի շարք հարցեր դառնում են շատ ավելի ակտուալ` հետաքննության մեխանիզմների հստակեցումը, ընդունումը, դիպուկահարներին հետ քաշելու խնդիրը, ռասիզմին, այլատյացությանը վերաբերող հարցեր: Սաֆարովի դեպքը պետք է տրանսֆորմացնել դեպի բանակցային գործընթաց»,- ասաց Կարեն Բեքարյանը: Ըստ փորձագետի` Հայաստանի ասելիքը հիմա շատացել է, և այդ ասելիքի բոլոր հիմքերը Ադրբեջանը սկուտեղի վրա մատուցել է: Նրա կարծիքով՝ կարելի է շահարկել այն փաստը, որ եթե Ադրբեջանը մարդասպանի զինվորական կոչումը բարձրացրել է, գումար է ծախսել այդ ակցիայի իրականացման համար, արդյոք նույնկերպ գումար չի՞ ծախսում դիպուկահարների վրա` պատվերով մարդասպանության համար: «Շատ բնական կլինի, որ հայկական կողմը դնի այն խնդիրը, որ ԼՂՀ անվտանգության լրացուցիչ երաշխիքների կարիք կա` ներառյալ իրավական ոլորտը: Հայաստանը իրեն պետք է ավելի կոշտ պահի բանակցային գործընթացում»,– ասաց նա: «Ադրբեջանի մեծագույն հույսը կայանում էր նրանում, որ Հայաստանը ընդհանրապես դուրս կգա բանակցային գործընթացից: Դրանով Ադրբեջանը ստանում է շանս` փորձելու իրականացնել Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն և բանակցային գործընթացի փոփոխություն: Սակայն դա նրանց չհաջողվեց»,- մեկնաբանեց Կարեն Բեքարյանը:

No comments: