Wednesday, October 31, 2012

Ադրբեջանը Հայաստանին սպառնում է Ատոմակայանի ռմբակոծմա՞մբ

«NEWS.am», 30.10.2012: Ադրբեջանական կողմը հերթական անգամ Հայաստանի հասցեին անմիտ սպառնալիքներ է հնչեցրել: Այս անգամ աչքի է ընկել Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն: «Մենք այնպիսի ռադարային համակարգ ունենք, որն անմիջապես կհայտնաբերի եւ կվնասազերծի այն հրթիռները, որոնք բաց կթողնվեն թշնամական կողմից: Մեր նշանառության տակ է գտնվում Հայաստանի այնպիսի օբեկտ, որին մենք կարող ենք հարված հասցնել հաշված րոպեների ընթացքում: Դա հարցականի տակ կդնի Հայաստանի հետագա ճակատագիրը` որպես պետություն»,-հայտնել է Է. Սաբիրօղլուն: NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը` ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը նշել է, որ առաջին անգամ է լսում ռադարային այնպիսի համակարգի մասին, որը կարող է միաժամանակ հայտնաբերել եւ վերացնել հրթիռները: «Եթե անգամ ադրբեջանցիները ոչ թե երազում, այլ իրականում ստանան այնպիսի համակարգ, ինչպիսինն է «Փեթրիոթ»-ը, «Ստանդարտը», ապա անգամ այդ դեպքում նրանք չեն կարողանա իրենց երկրի ողջ տարածքը պաշտպանել լեռներից բաց թողնված հրթիռներից: Եթե պարոն Սաբիրօղլուն փոքր ինչ պատկերացում ունենար ռազմական գործի վերաբերյալ, ապա կիմանար, թե որքան անհիմն է հնչում իր հայտարարությունը»,-նշել է փորձագետը, ավելացնելով, որ ադրբեջանցի զինվորական պաշտոնյաների երեւակայությունը առաջ է անցնում բանակի տեխնիկական հնարավորություններից, ինչի արդյունքում ցանկալին ընկալվում է որպես իրականություն: Նրա խոսքով, այդ նույն երեւակայությունը Սաբիրօղլուին հուշել է «Հայաստանի տարածքում օբեկտի ռմբակոծման» հնարավորության մասին, ինչը կվերացնի հայկական պետականությունը: Ինչպես հիշեցրել է Արկադի Գրիգորյանը, դրա համար Ադրբեջանին անհրաժեշտ կլինի մի քանի մեգատոննա քաշով ատոմային ռումբ: «Զինվորական հասարակ գիտելիքները հուշում են, որ 40 հազար ք/կմ տարածք ունեցող պետության վերացման համար, եթե զգացմունքները մի կողմ դնենք, անհրաժեշտ է մի քանի տասնյակ մեգատոննայանոց ատոմային ռումբ: Հնարավոր է, որ Էլդար Սաբիրօղլուն իրենց բանակի զինանոցում տեսել է նման ռումբ: Իսկ եթե նա նկատի է ունեցել Հայաստանի ատոմակայանը, ապա այստեղ կա երկու բաց հարց»,-նշել է Արկադի Գրիգորյանը: Նրա խոսքով, առաջին հարցն այն է, թե ինչ զենքով են ադրբեջանցիները պատրաստվում դա անել: «Միգուցե Իսրայելում եւ Ղազախստանում խոտանված հրթիռներո՞վ»,-քմծիծաղով նշել է փորձագետը: Երկրորդ հարցն այն է, որ սթափ մտածող ցանկացած մարդ հասկանում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանին հասցված հարվածը ողջ սահմանի պարագծով միլիոնավոր մարդկանց կյանք կխլի: «Ավելի շատ թուրքեր կմահանան, քան հայեր, էլ չխոսենք իրանցիների եւ վրացիների մասին»,- նշել է փորձագետը: Որպես ամփոփում` նա Էլդար Սաբիրօղլուին հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն, որի հետ Ադրբեջանը այդքան ցանկանում է ընկերանալ, զինվորական տերմինաբանության եւ զինվորական գործի հրաշալի դասընթացներ է իրականացնում:

No comments: