Wednesday, October 24, 2012

Նոր սխեմա Հայաստանի համար

«Լրագիր» 24-10-2012- Եվրոպան, ըստ ամենայնի, Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր տարբերակ է փորձարկում: Հայաստանը կարող է փորձադաշտ դառնալ Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ համագործակցության համար՝ «լիազորությունների» հստակ բաժանմամբ: Ընդ որում, Արեւմուտքն իր վրա է վերցնում ամենադժվարը՝ տնտեսությունն ու ժողովրդավարությունը, իսկ Ռուսաստանին թողում է անվտանգությունը: Robert Bosch հիմնադրամի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Կարստեն Ֆոգելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ զբաղեցնել ուժային այլ կենտրոննների տեղը: «Կարծում եմ, Եվրոպան եւ Ռուսաստանը պետք է դադարեն մտածել, որ եթե իրենցից մեկը հաղթանակ է տանում հետխորհրդաին պետություններից մեկում, ապա մյուսն անպայման կորցնում է: Մյուս կողմից, երկուսն էլ հնարավորություններ են առաջարկում այդ երկրների համար: Օրինակ, Եվրամիությունն առաջարկում է զարգացած տնտեսությանը եւ ժողովրդավարական համակարգերին հասանելիություն, իսկ Ռուսաստանը՝ միջազգային անվտանգություն»,- նշել է փորձագետը: Մոսկվան դեռեւս հրապարակային կերպով չի արտահայտվել նման «աշխատանքի բաժանման» առիթով, սակայն, դատելով գործողություններից, մոտեցումը, որով ոչ ոք չի պահանջի Հայաստանից ռուսական բազայի դուրսբերումը, Մոսկվային լիովին ձեռնտու է: Առավել եւս, եթե սեփականության վերաբաժանում չլինի, եւ ռուսներից չվերցնեն Հայաստանի ենթակառուցվածքները կամ էլ վերցնեն միայն «ավելորդ» մասը: Հայաստանի ԱԷԿ-ը Ռուսաստանն արդեն հանձնել է ԱՄՆ-ին, որը համաձայնել է ֆինանսավորել ԱԷԿ անվտանգությունը մինչեւ նորի կառուցումը: Ավելի վաղ, համաձայնվելով, որ հայկական շուկա մտնի ֆրանսիական Օրանժը, Ռուսաստանը Արեւմուտքի հետ «կիսեց» բջջային շուկան: Էլեկտրաէներգիայի հարցում կարծես նույնպես ամեն ինչ այն չէ: Լրատվամիջոցների տեղեկություններով, Հայաստանը չի համաձայնվել Ռուսաստանին վաճառել Որոտան ՀԷԿ-ի կասկադը գազի ներկայիս գնի պահպանման դիմաց: Սխեման, որի մասին խոսում է եվրոպացի փորձագետը, ըստ ամենայնի, ձեռնտու է նաեւ հայկական ղեկավարությանը: Հայաստանը կարող է պահպանել բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ անվտանգության երաշխիքները, միաժամանակ օգտվելով եվրոպական ինտեգրման տրամադրած շուկաներից ու հնարավորություններից: Նման դիրքրոշումը բավական ձեռնտու է Սերժ Սարգսյանին նախընտրական շրջանում՝ հայտարարելով եվրոպական ինտեգրացիայի մասին, նա աջակցություն է ստանում արեւմտյան կողմնորոշում ունեցող ընտրողներից, եւ անվտանգության հարցերով հիմնվելով Ռուսաստանի օգնության վրա, հավանություն է ստանում այն ընտրազանգվածից, որը Ռուսաստանին լավ դաշնակից է համարում Թուրքիայի դեմ: Հնարավոր է, ոչ այնքան հաջող փորձ ունենալով Վրաստանում, Եվրոպան որոշել է Հայաստանում փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ: Վրաստանին հարկ եղավ պոկել մսով, իսկ Ռուսաստանի հետ դիմակայությունը մինչ այժմ խանգարում է այդ երկրին տրանզիտ գործառույթներ կտարել: Ուկրաինայի փորձն էլ այնքան հաջող չէր Եվրոպայի համար: Երեւի այդ պատճառով էլ որոշվել է նոր սխեմա փորձարկել: Նաիրա Հայրումյան

No comments: