Wednesday, October 24, 2012

Փորձագետ. Պուտինի եւ Էրդողանի տարաձայնության մասին հոդվածն ամենայն հավանականությամբ լրատվամիջոցներ է «գցվել» Էրդողանի թիմի կողմից

News.am. 24-10-2012- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի միջեւ հեռախոսազրույցը, ամենայն հավանականությամբ, եղել է, սակայն ոչ այդ տոնով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինտիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը` մեկնաբանելով թուրքական մամուլի հրապարակումն այն մասին, որ նշված առաջնորդների միջեւ Սիրիայի վերաբերյալ կայացած հեռախոսազրույցն ավարտվել է նրանով, որ Էրդողանը նետել է ընկալուչը: «Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ դաստիարակված մարդ է եւ նման տոնով չէր խոսի: Ամենայն հավանականությամբ, նա հասկացրել է, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիա կտրուկ կվատացնի ռուս-թուրքական հարաբերությունները», - նշել է փորձագետը: Ըստ նրա` Էրդողանն, իր հերթին, հասկացել է, որ ռուսական դիրքորոշումը կոտրել չի հաջողվի, այսինքն` չի հաջողվի հասնել նրան, որ Ռուսաստանը չեզոք դիրք զբաղեցնի: «Էրդողանը Թուրքիան ներքաշել է վտանգավոր խաղի մեջ», - ընդգծել է Միխայիլ Ալեքսանդրովը, հավելելով, որ թուրքական իշխանությունները հույս ունեին ճգնաժամային իրավիճակ ստեղծել սիրիական սահմանին, որից հետո կմիջամտի ՆԱՏՕ-ն: Իսկ Թուրքիան էլ Սիրիա կմտնի որպես հաղթող` գործողությունն ուրիշի ձեռքերով իրականացնելով: «Սակայն ՆԱՏՕ-ն չի շտապում կոնֆլիկտի մեջ մտնել: Պատճառը տնտեսական վատ վիճակն է, Լիբիայում եւ Եգիպտոսում էլ ամեն ինչ «հարթ» չի անցել: Գրոհայիններին աջակցելը մի բան է, իսկ ռազմական գործողություններին մասնակցելը`այլ», - հավելել է փորձագետը: Այդ պատճառով էլ, ըստ նրա, Անկարան պետք է նահանջի, սակայն դրա հետ մեկտեղ պահպանի իր «դեմքը»: «Նման հոդվածը թույլ է տալիս դա անել: Այդ պատճառով էլ շատ հնարավոր է, որ հենց Էրդողանն ու իր թիմն են հոդվածը լրատվամիջոցներին «գցել», - եզրակացրել է Միխայիլ Ալեքսանդրովը: Հիշեցնենք, որ ըստ թուրքական «Aydinlik» թերթի`հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ լարված հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այդ ենթադրյալ զրույցից մեկ օր անց Պուտինը կասեցրել է Թուրքիա կատարելիք իր այցը, իսկ մի քանի օր անց տեղի է ունեցել Մոսկվա-Դամասկոս չվերթի հետ կապված միջադեպը:

No comments: