Saturday, October 13, 2012

Շվեյցարացի խորհրդարանական. Ստեփանակերտում օդանավակայանի առկայությունը միանգամայն բնական է

News.am. 13-10-2012- Ղարաբաղի բակչության համար այստեղ ապրելն ու ազատ տեղաշարժվելն անհրաժեշտություն է: Այդ մասին «Ազատ Արցախ» թերթի հետ հարցազրույցում նշել է այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական ընկերական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը` պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման կապակցությամբ ադրբեջանական սպառնալիքների մասին հարցին: Խոսելով այն մասին, որ 2013թ. Շվեյցարիան կստանձնի ԵԱՀԿ-ի նախագահությունը, նաեւ այն մասին` կարող է արդյոք Շվեյցարիան նոր ազդակ հաղորդել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, դը Բյումանը նշել է, որր «Շվեյցարիայի առաքելությունն է նպաստել խաղաղ գործընթացներին»: «Այդ ավանդույթն արդեն ավելի քան 500 տարվա պատմություն ունի: Այդ պատճառով մեր աջակցությունն ենք հայտնում այն ժողովուրդներին, որոնք ցանկանում են մշտական եւ կայուն լուծումներ գտնել: Մենք քաջ գիտակցում ենք, որ Կովկասում իրավիճակը բավական բարդ է, դրա կարգավորման ուղղությամբ քիչ ջանքեր չեն գործադրվել, բայց առայժմ արդյունք չկա: Ճիշտ է, Շվեյցարիան կորցնելու բան չունի, բայց մյուս կողմից, մենք ջանում ենք լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ, հատկապես նրանց, ում հետ բարեկամական հարաբերություններ ունենք: Անհրաժեշտ է կողմերի փոխըմբռնում, որոշակի փոխզիջումներ, բայց, առաջին հերթին, արդյունավետ աշխատանք կատարելու կամք», - ասել է նա: Խոսելով ադրբեջանցի «կացնով մարդասպան» Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին` խորհրդարանականը նշել է, որ չի հասկանում, թե ինչպես Հունգարիայի նման երկիրն այդքան միամիտ է գտնվել եւ արտահանձնել Սաֆարովին: «Իրոք ցնցված ենք հանցագործին հերոսացնելու փաստից»,- նշել է նա:

No comments: