Wednesday, October 10, 2012

Էրդողանն ու Դավութօղլուն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին

Panorama.am. 9-10-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իր ղեկավարած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) համագումարում, անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ըստ թուրքական «Haber3» լրատվական կայքի` Էրդողանն այդ առնչությամբ մասնավորապես ասել է հետևյալը «Ղարաբաղյան հիմնախնդրում ամեն հարթության մեջ մենք աջակցել, աջակցում և աջակցելու ենք մեր ադրբեջանցի եղբայրներին»: Այս թեմային անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` հանդես գալով Սաքարիայի համալսարանի մշակույթի կենտրոնում կազմակերպված «Մերձավոր արևելք, քաղաքականություն և հասարակություն» խորագրով կոնֆերանսում: Դավութօղլուն նշել է, որ Անկարան մտահոգ է տարածաշրջանի հիմնախնդիրներով և ներգրավվել է դրանց լուծման գործընթացում: «Մենք զբաղվում ենք միջինասիական խնդիրներով: Ներկայումս զբաղվում ենք նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի գրավման հարցով` ղարաբաղյան հիմնախնդրով»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

No comments: