Wednesday, October 17, 2012

Սերժ Սարգսյանի «մաքուր» հաղթանակը

«Լրագիր» 17-10-2012- Հայ ազգային կոնգրեսը կրկին փոփոխություններ է առաջարկել ընտրական օրենսգրքում: Եվ կրկին դա արվում է այն ժամանակ, երբ նախքան նախագահական արշավը դժվար թե հասցնեն ընդունել այդ փոփոխությունները: Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ գործող իշխանությունն արդեն 700 հազար ձայն ունի, որոնք ստացվում են վարչական ռեսուրսի, կարուսելի եւ կաշառքի միջոցով: Զուրաբյանը վստահ է, որ իշխանությունը կրկին գործի կդնի կեղծիքի մեքենան, որպեսզի ապահովի Սերժ Սարգսյանի հաղթանակը: Այն, որ իշխանությունն իրոք հաղթանակ տանելու համար բազմաթիվ օրինական եւ անօրինական միջոցներ ունի, հազիվ թե որեւէ մեկի մոտ կասկած հարուցի: Սակայն ակնհայտ է, որ այս անգամ Սերժ Սարգսյանն այս մեթոդները կփորձի օգտագործել միայն ծայրահեղ դեպքում, որպեսզի իր համար մաքուր հաղթանակ ապահովի: «Ծայրահեղ դեպքը» հավասարազոր թեկնածուի առաջադրումն է, որի օգտին այնքան մարդ ձայն տա, որ երկրորդ փուլի կարիք լինի: Այդ պատճառով, իշխանության խնդիրն այժմ նման թեկնածուի առաջադրումը թույլ չտալն է: Եթե դա հաջողվի, եւ պայքարն իրոք ընթանա երկրորդ տեղի համար, ինչպես ասել է Շարմազանովը, Սերժ Սարգսյանի համար անիմաստ կլինի «կեղտոտել» ընտրությունները: Այժմ հարցն այն է, թե ով կարող է դառնալ Սերժ Սարգսյանի հավասարազոր մրցակիցը: Առաջինը հիշվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով 2008 թ իրոք կարողացավ մրցակցել իշխանության հետ: Սակայն այժմ նույնիսկ ինքն է հասկանում, որ երկրորդ փուլ չի անցնի: Թերեւս դրա հետ է կապված նաեւ այն, որ մինչ այժմ նա չի հայտարարել իր որոշման մասին: Չնայած, ըստ ամենայնի, որոշումը բացասական է լինելու: Հավասարազոր թեկնածու կարող էր դառնալ Ռոբերտ Քոչարյանը, սակայն նաեւ թերեւս չի զգացել «հասարակական պահանջարկ» եւ միջազգային աջակցություն: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա նա «փականի տակ է», եւ չնայածը նրա դեմ «գործը» ինչ-որ չափով բարձրացնում է նրա վարկանիշը, սակայն այն դեռ փակված չէ, իշխանությունն էլ ցանկացած պահի կարող է նրան հանել ընտրարշավից, եթե զգա, որ նա թափ է հավաքում: Չնայած, հազիվ թե նա բավական աջակցություն հավաքի: Մյուս թեկնածուների մասին կարելի է նույնիսկ չխոսել, որովհետեւ ծավալվելու ժամանակ չկա, եւ միայն հրաշքով ինչ-որ մեկը կարող է անցնել երկրորդ փուլ: Այդ պատճառով, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ուրախությամբ ընդունի Կոնգրեսի առաջարկը եւ փոփոխի Ընտրական օրենսգիրքը, վստահ լինելով իր «մաքուր» հաղթանակում: Չնայած նա սիրում է ապահովագրվել եւ կարող է փոփոխությունների քննարկումը հետաձգել «ընտրություններից հետո»: Ելնելով դրանից՝ ակնհայտ է դառնում, որ կառուցողական, այլընտրանքային կամ արմատական ընդդիմության խնդիրը պետք է դառնա ուժեղ թեկնածուի առաջադրումը, եւ միայն այդ դեպքում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն իմաստ կունենան: Նաիրա Հայրումյան

No comments: