Tuesday, October 23, 2012

Պոլսում գումարվելու է հայ-թուրքական համաժողով

1in.am. 23-10-2012- Պոլսում (Ստամբուլ) հոկտեմբերի 22-23-ը, քաղաքացիական հանրության ավելի քան 50 ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ, տեղի կունենա համաժողով: Այսմասին հաղորդում է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթը։ Համաժողովի նպատակը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ոչ պետական կառույցների դերակատարության քննարկումն է: Այս համաժողովը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրագործվում է«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության միջոցով: Ծրագրի գործընկերներն են Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնը, Հայ-թուրքական գործարարական զարգացման խորհուրդը, «Անատոլու Գյուլթյուրը», ԳԱՅԱ հետազոտական կենտրոնը, Իզմիրի տնտեսագիտական համալսարանի լրատվության և հաղորդակցության բաժինը, «Թոփլում Գյոնյուլլյուլերի» («Ընկերության կամավորներ») հիմնադրամը, Թուրքական տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտության հիմնադրամը: Համաժողովը ամփոփելու է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի երկամյա աշխատանքի արդյունքները, ձեռքբերումները և քաղած դասերը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռելու քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացին ոչ պետական կազմակերպությունների մասնակցության ռազմավարությունը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և նրա գործընկեր կազմակերպությունները այս ծրագրով պաշտոնապես հավակնում են աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հանրության փոխգործակցությունը, հիմնելով և զարգացնելով գործարար հարաբերություններ և տարածաշրջանային գործարարների ցանցեր, ինչպես նաև սատարելով երկու ժողովուրդներու միջև փոխըմբռնման ձևավորմանն ու խորացմանը՝ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական փոխգործակցության հանգելու նպատակով:

No comments: