Thursday, October 18, 2012

Թուրքագետ. ԵՄ հասցեին թուրք նախարարի վիրավորական արտահայտությունները նորմալ երեւույթ են

News.am. 18-10-2012- Վերջին տարիներին Թուրքիայում բավականին վատ կարծիք է ձեւավորվել Եվրամիության մասին, եւ տարեց տարի ԵՄ դեմ տրամադրվածների թիվն ավելանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Փորձագետի խոսքով` համաձայն Թուրքիայում ամեն տարի անցկացվող հարցման արդյունքների` ԵՄ անդամակցել ցանկացողների թիվը նվազում է, եւ ներկայումս կազմում է ընդամենը 40%: «Բնական է, որ Թուրքիայի կառավարությունը, ցանկանալով գոհացնել սեփական ժողովրդին, ոչ հաճելի արտահայտություններ է թույլ տալիս ԵՄ հասցեին: Էկոնոմիկայի նախարարի վերջին հայտարարությունն իր տեսակի մեջ եզակի չէր. բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն ամիս հանդես են գալիս Եվրոպայի եւ ԵՄ հասցեին կոշտ հայտարարություններով»,-նշեց թուրքագետը: Մելքոնյանը կարծում է, որ թուրք պաշտոնյաների նման վարքագիծը նաեւ կապված է Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունների հետ: «Նույն Եվրոպան Թուրքիային լիազորություններ է տվել, եւ նա, օգտվելով որոշ հարցերում մենաշնորհից, իրեն թույլ է տալիս եվրոպական քաղաքակրթությանը վիրավորանք հասցնել: Այս ամենը պետք է արթնացնի Եվրոպայի զգոնությունը: ԵՄ երկրները պետք է հասկանան, որ Թուրքիան շարունակում է հետամնաց երկիր մնալ` համամարդակային արժեքների տեսակետից, եւ նա իսկապես տեղ չունի ԵՄ-ում»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը: Նշենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը ԵՄ-ն համարել էր աշխարհի ամենակեղծավոր կառույցը: Նա ասել էր, որ ԵՄ-ն արդեն 50 տարի իր երկրին ստիպում է սպասել դռների մոտ: Նրա կարծիքով՝ «կգա այն օրը, երբ իրենց կաղաչեն մտնել ԵՄ», իսկ Թուրքիան «օրվա վերջում» կորոշի, ուզում է, թե ոչ:

No comments: