Thursday, October 18, 2012

Դ. Բաբայան. Միջազգային հանրությունը համար միակ ընդունելի տարբերակը նմանօրինակ հակամարտությունների խաղաղ, անցնցում կարգավորումն է

Panorama.am. 17-10-2012- «Բոլորի համար էլ հասկանալի է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հեշտության հասնելն անհնարին է, այն որոշակի ժամանակ է պահանջում: Իսկ Ադրբեջանն իր հայտարարութուններով ու գործողություններով ամեն ինչ անում է տարածաշրջանի ապակայունացման համար: Այս գործընթացները լուրջ անհանգստություն են առաջացնում միջազգային հանրության շրջանում, այդ թվում՝ ֆրանկոֆոն երկրների համար և այս տեսանկյունից վերոնշյալ բանաձևի ընդունումը սպասելի էր ու ողջունելի»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ընդունված եզրափակիչ բանաձևը, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ռասիզմի, խտրականության քաղաքականություն է վարում, ինչը ծայրահեղականության տարբեր դրսևորումների է հանգեցնում, իսկ Եվրոպան նման փաստի առաջ չի կարող «աչք փակել»: Դ. Բաբայանը հիշեցրեց, որ կարգավիճակի հետ կապված խնդիրներ այս պահին ունեն Շոտլանդիան և Կատալոնյան, ընդգծելով, որ Շոտլանդիայում անկախության հանրաքվեն կկայանա 2014 թվականին: Բանախոսի կարծիքով, միջազգային հանրության համար միակ ընդունելի տարբերակը նմանօրինակ հակամարտությունների խաղաղ, անցնցում կարգավորումն է՝ ուժի կամ դրա սպառնալիքի բացառմամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ ամրագրվեց ՖՄԿ անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ «Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 14-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

No comments: