Tuesday, October 9, 2012

«Policymic.com». Հայաստանը ռազմավարական նպաստավոր դիրք ունի

Panorama.am. 9-10-2012- «Policymic.com» պարբերականը տպագրել է հոդվածագիր Դենիել Գայնորի` «ԱՄՆ-ի
հարաբերությունները Հայաստանի հետ` դեմ առ դեմ կանգնելով Միջին Արևելքի թշնամիներին. Ամերիկան գաղտնի զենք ունի» խորագրով հոդվածը: «Ամերիկացիների մեծ մասի համար նորություն չէ, որ Միացյալ Նահանգների՝ աշխարհում ամենամեծ դեսպանատունը գտնվում է Իրաքում, սակայն իր մեծությամբ երկրորդը գտնվում է բավական անսպասելի վայրում... Հայաստանում։ Բնականաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ: Լավագույն բացատրությունը դա այն է, որ Հայաստանը ցամաքով շրջապատված երկիր է՝ 3 մլն բնակչությամբ։ Սակայն ԱՄՆ-ի «աչքերով» այն կարող է դիտվել որպես ամենակարևոր դիրք` ԱՄՆ նախագահ Օբամայի քաղաքական օրակարգը բարելավելու համար: Թեև Հայաստանը հարուստ չէ բնական պաշարներով՝ նավթով, գազով կամ թանկարժեք մետաղներով, այնուամենայնիվ այն առավելություններ ունի աշխարհագրական դիրքի տեսանկյունից։ Աշխարհում շատ քիչ երկրներ ունեն Հայաստանից էլ ավելի նպաստավոր դիրք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն առաջ տանելու համար»,- գրում է հոդվածագիրը: Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանը սահմանակից է Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին ու Վրաստանին։ Լինելով նախկին խորհրդային երկիր՝ այն առավելապես ռազմական աջակցություն է ստանում և առևտրային սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ Հայաստանի «սիրտը շահել»՝ տարածաշրջանում ավելի հզոր ու կայուն դիրք ձեռք բերելու համար, պետք է նշել, որ այս պարագայում «գեոստրատեգիկ» տերմինի օգտագործումն ավելին, քան երբևէ տեղին է։ Հայաստանը բառի բուն իմաստով գտնվում է այն երկրների կենտրոնում, որոնք Վաշինգտոնի համար առաջնային կարևորություն ունեն։ Քանի որ Օբաման փորձում է իրականություն դարձնել իր երկրի արտաքին քաղաքականության առանցքային նպատակները, ինչպես օրինակ՝ Իրանին միջուկային զենքի ստեղծումից զերծ պահելն է ու Ռուսաստանում ժողովրդավարության ծաղկմանը նպաստելը, նա պետք է ոգևորի Հայաստանին՝ իր հետ միասին «խաղի մեջ մտնելու համար: ԱՄՆ-ն գործի է դնում ցանկացած դիվանագիտական ճնշում Թեհրանի վրա, որպեսզի Իսրայելը հարձակում չգործի այդ երկրի վրա և ԱՄՆ-ին չներգրավի վերջին 10 տարում արդեն երրորդ մերձավորարևելյան պատերազմի մեջ։ Ահա այդպիսի դիվանագիտական ճնշումներից մեկը անցնում է հենց Հայաստանի միջոցով։ Դենիել Գայնորը իր հոդվածում նշում է, որ Տնտեսական և դիվանագիտական խթանիչների միջոցով ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին իր դաշնակիցը դարձնել: Նախագահ Օբաման ցանկանում է Իրանին տնտեսապես մեկուսացնել, ինչպես նաև մեկուսացնել նրա ռեժիմը, իսկ Հայաստանը այդ ռազմավարության համար կարևոր դեր է խաղում: «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները գնալով ավելի են վատթարանում` մարդասպան Ռամիլ Սարաֆորվին ներում և հերոսի կոչում շնորհելու պատճառով»,-նշված է հոդվածում: Հոդվածագիրը նշում է, որ իր «Lonely Planet» գրքում հստակ ընդգծված է, որ չնայած իր սահամանափակ ռեսուրսների, Հայաստանը աշխարհաքաղաքականության «վարպետ է դարձել»: Աշխարհում էլ ո՞ր մի երկիրը կարող է ասել, որ լավ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետ»: Հայաստանը ոսկի, գազ, նավթ, չունի ԱՄՆ-ին տալու, սակայն դրա փոխարեն, այն ավելի օգտակար բան ունի` ռազմավարական նպաստավոր դիրք աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանում»։

No comments: