Tuesday, October 9, 2012

Առաջին անգամ հայազգի կինը կղեկավարի ամերիկյան համալսարանը

«Լրագիր» 9-10-2012- Դոկտոր Մերի Փափազյանը պաշտոնապես նշանակվեց Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ ռեկտոր: 53-ամյա Փափազյանը պատմության մեջ հայազգի առաջին կինն է, ով ԱՄՆ-ում ստանձնեց այդ պաշտոնը: Երդմնկալության արարողությանը ներկա են եղել մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում ` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Մերի Փափազյանը նախքան Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարան տեղափոխվելը, եղել է Նյու Յորքի Լեհմեն քոլեջի պրոռեկտոր և գիտական գծով ավագ փոխնախագահ, անգլերենի պրոֆեսոր: - Ես հանձն եմ առնում կատարել իմ պաշտոնական և ոչ պաշտոնական պարտականությունները: Իմ վարչակազմը կլինի կանխատեսելի. մենք միասին կաշխատենք, որպեսզի Հարավայի Կոնեկտիկուտի պետական համալսարանը լինի ամենահաջողվածը: Համաշխարհային հասարակության մեջ Կոնեկտիկուտի ուսանողների սոցիալական և կրթական փորձը հարստացնելու համար անհրաժեշտ է ներգրավել արտասահմանյան ուսանողներին,- իր ելույթում ասել է Փափազյանը: Նորանշանակ ռեկտորը, անդրադառնալով իր հայկական արմատներին և ժառանգությանը, նշել է. - Միացյալ Նահանգներում հայերը հաստատվել են 20-րդ դարի ողբերգական ցեղասպանությունից հետո: Մեր արմատները սկիզբ են առնում հազարամյա մշակույթ ունեցող պատմությունից: Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանը հիմնադրվել է 1893թվականին` որպես մանկավարժական քոլեջ, և այժմ առաջարկում է մագիստրատուրայի եւ բակալավրատի 114 ծրագրեր: Ի դեպ, Միացյալ Նահանգներում գտնվելու օրերին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և նորանշանակ ռեկտոր Մերի Փափազյանի միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում երկու բուհերի համագործակցության մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

No comments: