Monday, November 12, 2012

Բաքվում եվրոպացի պաշտոնյաներին հետապնդել են. Նոր մանրամասներ հաքերային հարձակումից

Panorama.am. 12-11-2012- Ադրբեջանում ինտերնետ կառավարման և անվտանգության վերաբերյալ օրերս տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում Բաքու ժամանած Եվրոպական միության մի շարք պաշտոնյաների համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել: Այդ մասին նոյեմբերի 10-ին իր բլոգում տեղեկացրել է Եվրպական հանձնաժողովի փոխնախագահ Նիլ Քրոսը (Neelie Kroes), փոխանցում է «Washington post»-ը: Քրոսի մամլո խոսնակ Ռայան Հիթը (Ryan Heath) առավել մանրամասներ է փոխանցել` նշելով, որ հարձակումը կատարվել է այն ժամանակ, երբ իրենք եղել են Բաքվի հյուրանոցներից մեկում: Հիթը պատմել է, որ ինքը և իր գործընկերները Apple-ից նախազգուշացնող հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց համակարգիչները հասանելի են դարձել կողմնակի անձանց համար, և նա կարծիք է հայտնել, որ որևէ մեկը փորձել է հետևել իրենց: «Ես կարծում եմ, որ այդպիսով ուղղակի փորձել են հետևել մեզ: Այժմ ենք պատրաստվում ենք փորձագետի մոտ ուսումնասիրության ենթարկել համակարգիչները` հասկանալու, արդյո՞ք որևէ բան հանել են դրանց միջից, թե՞ ոչ», -հարցազրույցում ասել է Հիթը` միևնույն ժամանակ հրաժարվելով ասել, թե ով է կատարվածի համար պատասխանատու: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Քրոսը կոնֆերանսի ժամանակ քննադատական ելույթներ է ունեցել իրեն հյուրընկալողների` ադրբեջանական իշխանությունների հասցեին, մեղադրելով նրանց համացանցում ադրբեջանցի ակտիվիստներին հետևելու և «լրատվամիջոցների ու իրենց տեղեկատվական աղբյուրների գաղտնիության իրավունքը խախտելու» համար: Իր անձնական բլոգում Քրոսը նաև նկատել է, որ հաքերային հարձակումը նավթով հարուստ Ադրբեջանի քաղաքական կյանքի համար «կոպիտ» իրականություն է: Եվրոպացի դիվանագետը նաև նկատել է, որ ադրբեջանի իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը և թույլ չեն տվել տեսակցել քաղբանտարկյալների հետ: Քրոսը պնդել է, որ կոնֆերանսի ժամանակ ակտիվիստները հետապնդման են ենթարկվել: «Ահա այդ ամենը անկեղծության և պարզության համար», -գրել է նա:

No comments: