Saturday, August 13, 2011

Մեր ինչին է պետք ՀԱՊԿ-ը

«Լրագիր» 13-8-2011- Այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Ղազախստանում ոչ պաշտոնական վեհաժողով են անցկացրել: ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Ղազախստանը, Կիրգիզիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Բելառուսը եւ Հայաստանը:
Մեկ տարի առաջ ՀԱՊԿ շրջանակներում ստեղծվեցին արագ արձագանքման ուժեր, որոնք առայժմ ոչ մի տեղ չեն կիրառվել: Առայժմ պատասխան չի հնչել հարցին, թե ում դեմ է ուղղված ՀԱՊԿ-ը, եւ դա կազմակերպությանը զրկում է իմաստից: Սակայն, մյուս կողմից, դա մանեւրելու լայն հնարավորություններ է տալիս Ռուսաստանին, որն իրեն իրավունք է վերապահում միայնակ էլ անցկացնել “խաղաղարար” առաքելություն նույնիսկ համաձայնության բացակայության պայմաններում:
Այն մասին, որ արագ արձագանքման ուժերի “մեկնարկը” կարող է տրվել Ղարաբաղում, փորձագետները բազմիցս են ասել: Ճիշտ է, դրա համար մի շարք պայմաններ են անհրաժեշտ` ՀԱՊԿ մուսուլմանական երկրների համաձայնությունը, Ղարաբաղում իրավիճակի սրումը, Մոսկվայի քարտ-բլանշ ստանալը:
ՀԱՊԿ 10-ամյա, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության միակ արդյունքը շատերը համարում են ուժերի հավասարակշռությունը եւ խաղաղությունը: Թեեւ, հավասարակշռությունը պահպանվում է ոչ թե զենքի կրճատման, այլ ավելացման հաշվին:


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղի ունեցան ՀԱՊԿ զորավարժություններ Աստրախանի մարզում եւ Ղազախստանում: Զորավարժության երկրորդ փուլն անցնելու է սեպտեմբերի 6-հոկտեմբերի 5-ին երկու մասով: Այն նախատեսում է Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Կիրգիզիայի ու Բելառուսի օդուժի համատեղ կիրառում: Մշակվելու է Կովկասում ռազմական գործողությունների պատրաստությունը:
Իսկ մինչ այդ, ՄԱԿ սովորական սպառազինության ռեգիստրի տվյալով, ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Բելառուսը անցյալ տարի զենք է վաճառել Ադրբեջանին: Բացի այդ, մեր մեկ այլ ՀԱՊԿ դաշնակից` Ռուսաստանը, S-300 համակարգ է վաճառել Ադրբեջանին:
Արդյոք Սերժ Սարգսյանը կբարձրացնի այս հարցը ՀԱՊԿ վեհաժողովում: Եւ նաեւ այն հարցը, թե ում կողմից է կռվելու ՀԱՊԿ-ը, եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսի:

No comments: