Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ապրիլի 15-ին ելույթ ունենալով թուրք-ամերիկյան խորհրդի նիստում` հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորենե:Քոնդոլիզա Ռայսը պարզաբանել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշ դեպքերում մոտ էին համաձայնության հասնելուն. «Ժամանակն է, որ կողմերը դժվարին որոշումներ ընդունեն հակամարտության վերջնական լուծման համար: Դա պետք է արվի: Ես երկու կողմին էլ պարզաբանել եմ` եւ Հայաստանի կառավարությանը, եւ Ադրբեջանի կառավարությանը, որ նրանք հետ են մնում տարածաշրջանում, որովհետեւ չեն լուծում այս հակամարտությունը: Դա կարելի է անել, եթե քաղաքական կամք կա: Եվ դա պետք է արվի», - նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Անշուշտ, ԱՄՆ-ի պետքարտուղարը նկատի ունի 2001թ. ապրիլին Քի Վեսթում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի հովանու ներքո կայացած Ռ.Քոչարյան-Հ.Ալիեւ բանակցությունները, որոնք այդպես էլ հետագայում որեւէ արդյունքի չհանգեցրին:
Նույն օրը ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նաեւ «Միացյալ Նահանգներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» վերնագրով փաստաթուղթ հրապարակեց, որում նշված է, որ ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, այնուհետեւ պաշտոնական Վաշինգտոնը հիշեցրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ. «Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, եւ դրա ղեկավարությունը չի ճանաչվում ինչպես միջազգայնորեն, այնպես էլ Միացյալ Նահանգների կողմից: Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների խնդիր է, որի նպատակն է հակամարտության տեւական ու համընդհանուր քաղաքական լուծումըե, - ասվել է փաստաթղթում: Փաստաթղթում նաեւ արձանագրվել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելուն` Մինսկի խմբի գործընթացի միջոցով:
Ի դեպ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Թրենդե գործակալությանը նա ասել է. «Մենք Մոսկվայից անընդհատ լսում ենք, որ Ռուսաստանը կհամաձայնի ցանկացած լուծման, որի շուրջ համաձայնության կգան հայկական ու ադրբեջանական կողմերը: ՌԴ-ն պետք է հայտարարի, որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցի այնպիսի լուծմանը, որը հիմնված կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա` մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Նման մոտեցմանը ռուսական կողմը պետք է գործնական աջակցություն ցուցաբերիե, - պահանջել է ադրբեջանցի պաշտոնյան:
Էմմա Գաբրիելյան
Yerevan - 17 April 2008
No comments:
Post a Comment