Saturday, July 19, 2008

ՀԱՅ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ 90%-Ը ՄԵԿՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ եւ Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ Երեւանում հուլիսի 17-ին կայացավ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի արդյունավետ կառավարում. միգրացիա եւ զարգացում, միգրացիա եւ դրամական փոխանցումներ» խորագրով քննարկումը: Ինչպես նշված է կազմակերպիչների տարածած հայտարարությունում, 1991-1998թթ.-ին Հայաստանից արտագաղթել է շուրջ 760-780 հազար մարդ, ինչ կազմում է 1991թ.-ի դրությամբ երկրի բնակչության 20%-ը: 2002-2005թթ.-ին ԵԱՀԿ-ի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքային միգրանտների շուրջ 90%-ն իբրեւ նպատակակետ երկիր ընտրում են Ռուսաստանը, մասնավորապես, ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվան:Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը նշեց, որ աշխատանքային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը հայրենիքում աշխատանք չգտնելն է, մյուսը` այն գտնելու դեպքում էլ անբավարար վաստակը: Գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքերով, միությունը վերջին տարիներին ջանքեր է գործադրում հատկապես երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, որպեսզի կանխվի նրանց հնարավոր արտագաղթը: Այդ նպատակով միությունը աջակցում է բարձրագույն ուսումնական հաստատություններ-գործատու մշտական կապի հաստատմանը: Գ.Մակարյանը նշեց, որ գործատուները ցանկանում են աշխատանքի վերցնել ազնիվ եւ պարտաճանաչ մասնագետների:

No comments: