Saturday, July 19, 2008

ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՏ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱԶԳ : ՀՀ ԱԳՆ սփյուռքի հարցերով նորաստեղծ կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպեց «Գրողների 4-րդ համահայկական համաժողովի» մասնակիցներինՆ ժամանած 17 երկրներից: Հանդիպման նպատակը` տեղեկանալ այն բոլոր խնդիրներին ու պրոբլեմներին, որոնք տարիներ շարունակ ծառացել են սփյուռքի տարբեր համայնքներում եւ դրանց լուծման ուղիներ ու ելքեր գտնել: Նա ներկայացրեց նոր ձեւավորված կառույցի աշխատանքները եւ նշեց. «Հատկապես գրողներիցդ ակնկալում եմ, որ մեր անկախ պետության տեսլականը, հայրենիքի ու հայրենասիրության գաղափարի շուրջ համախմբվելու բանաձեւ առաջարկեք, որը դեռեւս չենք գտել: Մենք համախմբվում ենք մեծ վշտի շուրջ, բայց հայրենիքի կառուցման ու վերածնունդի հարցում էլ յուրաքանչյուր հայ պետք է մասնակից լինի եւ համախմբված»:Հայրենիք-սփյուռք գործակցության ձեւերի, մեթոդների շուրջ լրջորեն աշխատելու համար Հրանուշ Հակոբյանը առաջնահերթ համարեց սփյուռքը ճանաչելը. «Բազմաշերտ, բազմաբովանդակ առանձնահատկություններով, խորքային նկարագրով սփյուռքը ճանաչելը կօգնի արդյունավետ աշխատելուն: Կարծում եմ այս նոր կառույցը պետք է կոչվի սփյուռքի տուն, որտեղ պետք է աշխատեն նաեւ սփյուռքահայեր ու նախարարությունը դառնալու է սփյուռքահայերի հենարանը, իսկ դուքՆ մեր դեսպանները սփյուռքում»:Կառույցն արդեն մշակում է «Դեպի հայրենիք» ծրագիրը, որը նախատեսում է մինչեւ 30 տարեկան յուրաքանչյուր հայ երիտասարդի այց հայրենիք, հայկական մեկ ընդհանուր համացանց ստեղծելու աշխատանքներ են տարվում նաեւ: Առաջիկայում նախատեսվում է ԵՊՀ-ում բացել սփյուռքագիտության ամբիոն, որը հետագայում Վ. Սարոյանի անվան ակադեմիա ստեղծելու հիմք կդառնա:Սփյուռքի կառույցների ներկայացուցիչները առաջարկեցին հայրենիքում կազմակերպվող կարեւոր միջոցառումների մասին տեղեկացնել որքան հնարավոր է շուտ, այլ ոչ թե 2-3 ամիս առաջ: Համընդհանուր էին դժգոհությունները Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից եւ ընդհանուր քաղաքականությունից: Խոսվեց նաեւ դպրոցների փակման, դասագրքերի, ուսուցիչների բացակայության մասին ու առաջարկվեց այս խնդիրներով զբաղվող հանձնախումբ ստեղծել: ԱՊՀ երկրների սփյուռքի անհանգստությունը կիրակնօրյա դպրոցներն էին, որոնք իրենց դերը չեն կատարում: Իհարկե ուղղագրության հարցը կրկին բարձրացվեց: Առաջարկներ եղան սփյուռքի խորհրդարան ու մարմին ստեղծել, սփյուռքի համար մեկ նոր թերթ հիմնել, մշակութային «աղբը» սփյուռքում չներկայացնել պետության անվան տակ: Հնչեց նաեւ համաժողով գումարելու գաղափարը, որտեղ ամեն կառույց ցանկալի է, որ ներկայանա իր խնդիրներով:Հանդիպումից հետո Հրանուշ Հակոբյանը ի պատասխան «Ազգ»-ի հարցի, տեղեկացրեց. «Այն ամենը, ինչի մասին հայտնեցին սփյուռքի գրողները, պետք է ի մի բերել, դասակարգել, հասկանալ յուրաքանչյուրի պահանջը, տեսնել թե պետությունը այստեղ ինչ անելիք ունի եւ դրանց ընթացք տալ: Որեւէ հարցադրում չպետք է թղթի վրա մնա: Եթե նույնիսկ չենք կարող լուծել, դրա մասին պետք է տեղեկացնենք մեր հայրենակիցներին: Աշխատանքային բնույթի համաժողովներին կողմնակից եմ, քանի որ միայն դրանցում է լուրջ աշխատանքներ տարվում, եւ այս հանդիպումն էլ նման բնույթի էր»:

No comments: