Thursday, July 17, 2008

ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.

Eurasian Home վերլուծական-տեղեկատվական ռեսուրս կենտրոնը հրապարակել է մի նյութ, որը պատրաստվել է «Ռուս-ադրբեջանական հարաբերություններ. զարգացման նոր փուլ» Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ փորձագետների արտահայտած կարծիքների հիման վրա: Հեռուստակամուրջը կազմակերպել էր «ՌԻԱ Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը 2008թ. մայիսի 13-ին: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի թարգմանությամբ հրապարակված նյութը ստորեւ ներկայացվում է ամբողջությամբ:
Ալեքսեյ Մալաշենկո, Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի գիտաշխատող, ծրագրի համանախագահ
2008 թվականը շատ կարեւոր է Ադրբեջանի համար, քանի որ այս տարի այնտեղ նախագահի ընտրություն է անցկացվելու: 2008 թվականը առանցքային տարի է ողջ Հարավային Կովկասի համար: Ռուս-կովկասյան հարաբերություններում կարող են նոր հորիզոններ բացվել, եւ սա վերաբերում է Վրաստանին, Ադրբեջանին եւ նույնիսկ Հայաստանին: Կարծում եմ, որ Ռուսաստանն ու կովկասյան պետությունները ավելի լավ կհասկանան իրար` չնայած Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ներկայիս լարված հարաբերություններին:
Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա, կարծում եմ, դրանք կզարգանան Ադրբեջանի արտաքին քաղաքականության եւ տնտեսական հարաբերությունների զանազանակերպման (դիվերսիֆիկացիա) շրջանակներում: Ռուսաստանում դրան աստիճանաբար վարժվում են, հասկանում են, որ այս նորանկախ պետությունները ղեկավարվում են իրենց ազգային շահերով, այլ ոչ թե կարոտաբաղձության զգացումով:
Մոսկվան եւ Բաքուն կշարունակեն վարժվել միմյանց: Որոշ հարցեր հիվանդագին կընդունվեն: Օրինակ, Մոսկվան չի ընդունի, որ նոր նավթամուղներն ու գազամուղները Ադրբեջանով անցնեն: Կողմերը մեծ հույսեր են կապում Ռուսաստանի նոր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Համենայն դեպս, նրա խոսքին հատուկ չեն խիստ հայտարարությունները, որոնք լսում էինք նախկինում: Սա, անկասկած, դրական երեւույթ է: Կարեւորն այն է, թե ինչպես կլուծվեն տարածքային հակամարտությունները: Այս տարի արմատական որոշումներ չեն կայացվի: Չգիտեմ, թե դրանք երբ կկայացվեն: Սակայն ես զգում եմ, որ պրագմատիզմն աստիճանաբար իրենն անում է:
Կարելի է ասել, որ նախկինում Ռուսաստանը կարող էր օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը` կողմերի վրա ներգործելու համար: Սակայն կարծում եմ` այժմ հավանական է, որ այդ երկրներն օգտագործեն հակամարտությունը Ռուսաստանի վրա ազդեցություն գործելու համար. օրինակ, երբ ասում են, որ եթե Ռուսաստանը չփոխի իր դիրքորոշումը հակամարտության նկատմամբ, ապա Ադրբեջանը կմերձենա Արեւմուտքի հետ:
Ալեքսեյ Վլասով, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն, Մոսկվա
Դժվար թե արդարանան այն փորձագետների հույսերը կամ մտավախությունը, թե Ռուսաստանում իշխանափոխությունից հետո Կրեմլի արտաքին քաղաքականությունը արմատապես կփոխվի: Նախագահության երկրորդ ժամկետում Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը մոտ ապագայում կշարունակվի:
Որքանո՞վ է դա առնչվում Հարավային Կովկասին: Իմ կարծիքով` ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը չեն սահմանել խաղի նոր կանոնները, որոնք պետք է հստակ ձեւակերպված լինեն` կապված ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում իրավիճակի դինամիկ փոփոխման հետ:
Քաոսային գործընթացները, որոնք Կոսովոյի նախադեպից հետո առավել կակտիվանան, Ռուսաստանի Դաշնության չհավասարակշռված ռազմավարության արդյունք են: Պարզ չէ` արդյո՞ք պետք է առաջնորդվենք «փակ հայեցակարգով», այն է` Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում, որտեղ Ռուսաստանը հանդես կգա որպես միջնորդ, թե՞ պետք է որդեգրենք «բաց ռազմավարություն» եւ հայտարարենք, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն որոշակի շահեր ունեն Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Այս դեպքում, խաղի կանոնները պետք է մշակենք Արեւմուտքի քաղաքական գործիչների հետ բանակցությունների ընդհանուր սեղանի շուրջ:
Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականության մեջ դիտվում են ոչ հետեւողական գործողություններ. այդ պատճառով էլ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի նկատմամբ վարվող քաղաքականությունը տարբերվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ քաղաքականությունից:
Ռասիմ Մուսաբեկով, քաղաքագետ, Բաքու
Կովկասում հակամարտությունների չկարգավորման դեպքում, հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջեւ եւ Ռուսաստանի հետ դժվար թե կայունանան: Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը պետք է լինի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի հետեւանքների վերացումը: Այդ ագրեսիան հանգեցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ այն տարածքի զավթմանը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հայերից վեց անգամ ավելի բնակչություն էր ապրում: Կարծում եմ, որ սա ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտն է: Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք այդ հարաբերություններն էապես բարելավվել եւ առավել պրագմատիկ են դարձել: Տնտեսական հարաբերությունների ներուժը չի սպառվել: Ադրբեջանը Հարավային Կովկասում ամենախոշոր շուկան է: Շատ ադրբեջանցիներ են խոսում ռուսերեն:
Անդրադառնալով անվտանգության հարցերին` նշենք, որ Ադրբեջանը չի փորձում խնդիրը հասցնել լրատվամիջոցների գզվռտոցի մակարդակի: Կարծում եմ, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքուն չարձանագրի Մոսկվայի վերաբերմունքի փոփոխություն` դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ Ադրբեջանի ընթացքը կասեցնելը չափազանց դժվար կլինի:
Անցյալում է մնացել այն փուլը, երբ Ռուսաստանը փորձում էր կանխել Ադրբեջանի կողմից Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների շահագործումը: Շրջանցելով Ռուսաստանը` Ադրբեջանն իրականացրել է նավթի եւ գազի շահագործման եւ դեպի համաշխարհային շուկաներ դրանց արտահանման մի շարք լայնամասշտաբ ծրագրեր: Այսօր նավթի եւ գազի արտահանման միջազգային շուկայում Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի մրցակիցը, թեեւ ոչ այնքան լուրջ մրցակից:
Ներկայումս Բաքվի հետ հարաբերությունների բարելավման այլ հեռանկարներ կան: «Գազպրոմ»-ը հետաքրքրված է ադրբեջանական գազի ձեռքբերումով: Դա տրամաբանական է, եւ հնարավոր է այս հարցի շուրջ գործնական բանակցություններ վարել:
Այսօր էներգակիրների մատակարարման տրանսկասպիան նախագծերի հարցում դիրքորոշումների բախում է նկատվում: Եթե Ադրբեջանը համաձայնության գա Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ` դժվար կլինի կանխել հետագա զարգացումները: Եթե կան նշված էներգետիկ ռեսուրսների սպառողներ եւ մատակարարներ, այս նախագծերի իրականացումը գրեթե անհնար կլինի կանխել:
Ռաշադ Ռզակուլիեւ, Սոցիալական զարգացման հիմնադրամի ղեկավար, Բաքու
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիտարկենք եվրասիական քաղաքականության ձեւավորման համատեքստում: Հենց Ռուսաստանն է կատարում եվրասիական տարածքում նոր, արդարացի կարգ ձեւավորողի դերը: Այս առումով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կարեւոր եւ լուրջ նշանակություն կունենա աշխարհաքաղաքական մեծ խաղում:
Եթե Ռուսաստանը չկարողանա կասեցնել արտաքին ուժերի կողմից եվրասիական տարածքի մասնատումը, ապա առնվազն Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է փոխել աշխարհաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում:
Անցյալի փորձը թույլ չի տալիս հուսալ, թե Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի նկատմամբ: Կարծում եմ` Ադրբեջանն ինքը պետք է մտահոգված լինի իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանմամբ: Համոզված եմ, որ Ադրբեջանն ի վիճակի է լուծել այս խնդիրները, կամ ի վիճակի կլինի լուծել դրանք մոտ ապագայում:Խնդիրն այլ է. համաշխարհային քաղաքականությունը ձեւավորում են մի խումբ պետություններ: Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է շարունակի գիտակցել, որ պատասխանատվություն է կրում ոչ միայն իր երկրի, այլ նաեւ այն հսկայական տարածքի համար, որը մշակութային կապերով եւ պատմականորեն կապված է Ռուսաստանի հետ: Հարավային Կովկասում կարգուկանոնի պահպանումը պետք է բխի Ռուսաստանի ազգային շահերից:

No comments: