Saturday, July 19, 2008

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՐԿԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովը հաստատեց Հայաստանին 52 մլն դոլարի, իսկ Լեռնային Ղարաբաղին` 8 մլն դոլարի օգնություն հատկացումը, ինչպես նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին 3-ական մլն. դոլարի օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման (FMF) տրամադրումը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:Օտարերկրյա հատկացումների գործընթացի սկզբում Բուշի վարչակազմն առաջարկել էր մոտ 60 տոկոսով կրճատել Հայաստանի ֆինանսավորման չափը եւ 2009 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 24 մլն դոլարի օգնություն այն դեպքում, երբ 2008 ֆինանսական տարում հատկացվել է 58.5 մլն դոլար: Բացի այդ, վարչակազմը խնդրել էր, որպեսզի 2007 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրված ֆոնդերից 5 մլն դոլարն ուղղվի Հայաստանից դուրս, ինչին արձագանքեցին կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջո Նոլենբերգը: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիտա Լոուիին եւ ավագ անդամ Ֆրենկ Վուլֆին ուղղված նամակում նրանք կոչ արեցին վերածրագրավորել ֆինանսավորումը` այն օգտագործելու Հայաստանում ժողովրդավարական ջանքերին աջակցելու նպատակով: «Որպես Հայաստանի բարեկամներ եւ, որ ավելի կարեւոր է, ժողովրդավարության քարոզիչներ, կոչ ենք անում Ձեզ աջակցել ֆոնդերի վերածրագրավորմանը` օգնելու հզորացնել ժողովրդավարությունը Հայաստանում, այն խեղդելու փոխարեն: Ժողովրդավարություն եւ իրավական պետություն կառուցելու լրացուցիչ ծրագրերն անչափ օգտակար կլինեն Հայաստանի համար»,- ասված է նամակում:Հայկական համագումարը ողջունում է կոնգրեսական Նոլենբերգին` հուլիսի 16-ին Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների օրինագծի քննարկմանը Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ խիստ ազդանշան հղելու համար: Նոլենբերգի լրացումը նպատակաուղղված էր Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսավորումը զրոյի հասցնելուն: Քվեարկած 7 կողմ եւ 8 դեմ ձայների հարաբերությամբ լրացումը չընդունվեց:

No comments: