Saturday, July 19, 2008

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱԶԴԻ ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

ԲԱՔՈՒ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները որեւէ ձեւով չեն կարող անդրադառնալ Բաքվի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը», այսպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:«Ադրբեջանը չի կարող որեւէ ազդեցություն գործել Թուրքիայի վրա: Դա առաջին հերթին: Եվ երկրորդ, թուրքերը եւ ադրբեջանցիները ե'ւ միեւնույն ժողովուրդն են, ե'ւ միեւնույն ազգը, իսկ ապագայում կարող է Թուրքիան եւ Ադրբեջանը լինեն միասնական տարածք»,- ասել է նա` մեկնաբանելով թուրքական «Հյուրրիյեթ» թերթի հրապարակած տեղեկատվությունը Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ գաղտնի բանակցությունների մասին:Գուլուզադեի կարծիքով, թուրքերը ոչ մի կախում չունեն հայերից. «Թուրքիայի սահմանները կողպված են, նրանց հողերը զավթված չեն: Հայերն են թուրքերից կախված: Թուրքիան նրանց կարող է առաջարկել, որ Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հետո Անկարան նրանց կօգնի համակողմանիորեն, կբացի բոլոր սահմանները, ներդրումներ կանի»:«Թող հայերը մտածեն, թե ոնց անեն, որ փոխեն իրենց իշխանությունը, նախագահ ընտրեն այնպիսի մարդու, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը տրամադրված է Ադրբեջանի հետ խաղաղության, տրամադրված է արեւմտամետ քաղաքականություն վարել»,- նկատել է նա` ավելացնելով. «Ահա այդ ժամանակ Թուրքիան կարող է գործակցել Հայաստանի հետ»:«Հայաստանը չի կարող Թուրքիայի վրա ազդել ոչ մի բանով, նրա գրպանում ոչինչ չկա: Ռուսաստանը գնել է նրա ողջ էներգետիկան, արդյունաբերությունը, էլեկտրականությունը, անգամ կոնյակը Ֆրանսիան է գնել: Հայերն այժմ մերկ են: Ես չգիտեմ, նրանք մերկ հարկավոր են Թուրքիային թե ոչ»,- ասել է Գուլուզադեն:Քաղաքագետը նշել է, որ իր հերթին ԱՄՆ-ը ցանկանում է Հարավային Կովկասի երկրները տեսնել որպես դաշնակիցներ ՆԱՏՕ-ի կազմում:«Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպիսի ուղեգիծ կվարի, որպեսզի ողջ Հարավային Կովկասը լինի ՆԱՏՕ-ում, եւ որպեսզի հարավկովկասյան երեք հանրապետությունները Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցներ դառնան, եւ այստեղ լավ արգելապատնեշ լինեն Ռուսաստանի համար: Ահա այս մասին էլ կլինեն բանակցությունները»,- ընդգծել է քաղաքագետը:

No comments: