Sunday, July 20, 2008

Կբարձրանա Հայաստան մատակարարվող գազի սակագինը

«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երեկ հաստատեց, որ իր եւ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի` նախօրեին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի սակագնի հարցում:
Կարապետյանը չհրապարակեց նոր սակագինը, որը գործելու է 2009 թվականի հունվարի 1-ից: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում սակագինը հրաժարվեց հրապարակել նաեւ Ալեքսել Միլլերի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը` նշելով սոսկ, թե նոր գինը որոշելիս «հաշվի են առնվել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները»:
Կարեն Կարապետյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Գների թանկացում լինելու է, բայց բոլորի համար շատ հաճելի: Նաեւ հասկանալի է լինելու, որ մեր երկրի ներսում գները լինելու են շատ մրցունակ: Դոտացիա [պետության կողմից] չի լինելու, բայց գները լինելու են շատ մատչելի, հասկանալի եւ տրամաբանական»:
Նա նաեւ համոզմունք հայտնեց, թե գազի գնի բարձրացումը սպառման վրա բացասական ազդեցություն չի ունենա, ավելին` սպառումը կաճի:
Դեռ ապրիլին ռուսաստանյան մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե «Գազպրոմ»-ը պատրաստվում է 2009-ի հունվարի 1-ից 50 տոկոսով բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը` հասցնելով 165 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց:
Խնդիրը քննարկվել էր նաեւ հունիսի վերջին Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:

No comments: