Saturday, July 26, 2008

ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ

ԱՆԿԱՐԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու Սերժ Սարգսյանի արած հրավերը կապված է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի հետ: «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը:Լյութեմը, անդրադառնալով «նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին եւ արտաքին աշխարհի` դրանց ուղղված հակազդեցությանը», նշում է, որ հայկական կողմի նախաձեռնությունը ՀՀ նախագահին կընձեռի «օրակարգը փոխելու եւ հաջողության դեպքում` լուրջ միավորներ հավաքելու» հնարավարություն:Խոսելով թուրքական կողմի` ՀՀ նախագահի հրավերը ընդունել-չընդունելու հարցի մասին` Լյութեմը նշում է, որ «Թուրքիայի կողմից հրավերի ընդունումը կլինի միայն խորհրդանշական մի քայլ կամ էլ բարի կամքի դրսեւորում»:«Սակայն հայտնի չէ, թե Թուրքիան ինչ կշահի քաղաքական տեսանկյունից»,- ընդգծել է ինստիտուտի տնօրենը:Օմեր Էնգին Լյութեմի կարծիքով, «թուրք հանրությունը վատ չի վերաբերվի Գյուլի` ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելուն». «Բայց այս հարցում հայ հանրության տեսակետը միասնական չէ: Վերջինի մեծ մասը հրավերին վերաբերվում է դրականորեն: Սակայն Դաշնակցություն կուսակցությունը եւ ծայրահեղ ազգայնականները այցին դեմ են եւ պատրաստվում են այցելության դեպքում կազմակերպել ցույցեր»,- ասել է Լյութեմը` միեւնույն ժամանակ ավելացնելով. «Հրավերը ընդունելու դեպքում Թուրքիան կշահի միջազգային հարության համակրանքը»:Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի կարծիքով, հայկական կողմն այս առաջարկությունը արել է «Մոսկվայի հետ խորհրդակցելուց հետո»: Նրա խոսքերով, այս քայլը ցույց է տալիս, որ Ռուսաստանը նույնպես կոմնակից է, որ շուտափույթ կերպով կարգավորվեն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա տարաձայնությունները:Նշելով, որ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար` Լյութեմն ընդգծել է, որ «հրավերի նախաձեռնությամբ հնարավոր է` եւս մեկ անգամ օրակարգում հայտնվի հայկական կողմի այդ ակնկալիքը». «Կան կարծիքներ, որ սահմանի բացման դեպքում Հայաստանի ժողովրդի տնտեսական խնդիրների զգալի մասը կլուծվի: Նման տեսակետները ուռճացված են, սակայն խոսք կարող է լինել երկարաժամկետ տնտեսական ներդրումների մասին»,- ասել է նա` ավելացնելով, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից է եւ տեւական ժամանակ է, ինչ նա միակողմանի քայլեր է ձեռնարկում, որի պատասխանն էլ, ըստ Լյութեմի, ենթադրվում է` Թուրքիայի` տարիներ շարունակ իր սահմանների ճանաչման պահանջի բավարարումը պետք է լինի:«Շատ նորմալ երեւույթ է, երբ երկու հարեւան պետություններ ճանաչում են միմյանց սահմանները եւ տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Օմեր Էնգին Լյութեմը` ավելացնելով. «Հակառակ դեպքում դա կնշանակի, որ ձեր հարեւան պետությունը ցանկանում է դառնալ ձեր հողերի սեփականատեր»:Անդրադառնալով Հայոց ցեղասպանության փաստին, նա նշել է, որ Թուրքիան մի շարք պետությունների կողմից ընդունված որոշումների պատճառով միջազգային հանրության առջեւ «անիրավացիորեն» վերածվել է «ցեղասպան պետության»: Օմեր Էնգին Լյութեմի կարծիքով, երկու երկրներն էլ միմյանց հասկանալու հնարավորություն ունեն. «Հայաստանի հետ համաձայնության գալը, չի նշանակելու համաձայնության գալ նաեւ սփյուռքի հետ»,- ընդգծել է Լյութեմը:«Եթե անգամ Հայաստանի հետ համաձայնության գանք, ապա պետք է իմանանք եւ հաշվի առնենք, որ դեռեւս շատ երկար ժամանակ սփյուռքը Թուրքիայի դեմ համառորեն շարունակելու է նրան վարկաբեկելու արշավը»,- եզրափակել է Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը:

No comments: