Sunday, July 20, 2008

Գերմանիայում ծնվել են երկվորյակներ, որոնցից մեկը սեւամորթ է, մյուսը` սպիտակամորթ

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, անցած շաբաթ Բեռլինում տեղի ունեցել մի դեպք, որի հավանականությունը, ըստ մասնագետների, մեկը միլիոնի է. հիվանդանոցում ծնվել են երկվորյակ տղաներ, որոնցից մեկը սեւամորթ է, մյուսը` սպիտակամորթ:
Երեխաների հայրը՝ 40-ամյա Շտեֆանը, գերմանացի է, ռոք երաժիշտ: Մայրը՝ 35-ամյա Ֆլորենսը, ծագումով Գանայից է: Նրանք տասը տարի առաջ են ծանոթացել: Ֆլորենսն առաջին ամուսնությունից ունի 18-ամյա որդի:
Երեխաները ծնվել են կեսարյան վիրահատության օգնությամբ: «Ռայանն առաջինն է ծնվել, ամեն ինչ նորմալ էր, բայց երբ հայտնվեց Լեոն, ես չէի կարողանում աչքերիս հավատալ», - պատմել է վիրահատությունն իրականացրած բժիշկ Բիրգիտ Վեբերը եւ հավելել, թե 20 տարվա ընթացքում ներկա է եղել շուրջ 10 հազար ծննդաբերությունների եւ երբեւէ նման դեպք չէր տեսել:
2 կիլոգրամ 650 գրամ քաշ ունեցող Ռայանը բացարձակ սպիտակամորթ երեխա է, իսկ 2 կիլոգրամ 606 գրամ քաշ ունեցող Լեոն սեւամորթ է:
«Ռայանը շատ աղմկոտ է, Լեոն հանգիստ երեխա է, ես շատ երջանիկ եմ», - ասել է Ֆլորենսը եւ հավելել. - «Երբ առաջին անգամ տեսա նորածիններիս մաշկի գույնը՝ բառիս բուն իմաստով պապանձվեցի»:
DPA-ի փոխանցմամբ, մասնագետներն ասում են, թե նմանօրինակ դեպք է գրանցվել անցյալ տարի Անգլիայում՝ Միդլսբորո քաղաքի ծննդատանը:

No comments: